Սա ժեստ է. ԱՄՆ-ն ՀՀ ղեկավարին հնարավորություն է տվել որոշ հարցերի շուրջ համաձայնություն ձեռք բերել. Ղևոնդյան

Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ տանը հանդիպել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Հանդիպման մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել էր վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն ու կից հրապարակել Նիկոլ Փաշինյանի և Վենսի համատեղ լուսանկարը։

Նկատենք՝ լուսանկարը, որն արվել է ոչ այնպես, ինչպես սովորաբար արվում են պաշտոնական հանդիպումների լուսանկարները, համացանցում որոշ քննադատությունների տեղիք է տվել։ Իշխանության ընդդիմախոսները մեկնաբանում են, թե բացակայում է հայկական դրոշը, վարչապետի կոստյումի թևը վերև է, անգամ, թե ինչ կա դրված աշխատանքային սեղանին:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ լուսանկարից նկատելի է, որ հանդիպումը պաշտոնական չի եղել, ուստի այդ պատճառով է այն տարբերվում պաշտոնական արարողությունների ժամանակ արվող լուսանկարներից։

Այնուամենայնիվ, ըստ նրա, հանդիպումը բավականին հատկանշական է, քանի որ ՀՀ վարչապետի Վաշինգտոն այցից առաջ խոսվում էր այն մասին, որ այս ֆորմատի հանդիպումներ ԱՄՆ-ում չեն սպասվում։

«Անկախ նրանից, թե հանդիպումը ինչպիսի ձևաչափով է եղել, բնականաբար, կարևոր է աշխարհի գերտերության փոխնախագահի հետ հարցեր քննարկելը, որը ևս կարող է կարևոր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Բավականին բարձրաստիճան պաշտոնյայի հետ է հանդիպումը եղել, որն ի պաշտոնե արտաքին քաղաքականությունում շատ մեծ գործառույթ չունի, բայց դիրքը մեծ նշանակություն ունի։ Եղել են դեպքեր, որ ԱՄՆ այցելած այլ երկրների ղեկավարների հետ հանդիպել են պետքարտուղարի տեղակալներ, սենատորներ»,- ասում է նա։

Այսինքն՝ այս հանդիպումը, ընդհանուր առմամբ, բարձր մակարդակով ՀՀ վարչապետին որպես ժեստ արվեց, կարծում է Ղևոնդյանը՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարին Նահանգները հնարավորություն է տվել այդքան մեծ տարածություն կտրելուց հետո ինչ-որ հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերել, խոսել սեփական տեսակետների մասին ու ներկայացնել դրանք․ «Սա հնարավորություն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար սեփական կարծիքը համաձայնեցնելու ԱՄՆ պաշտոնատար անձանցից որևէ մեկի հետ։ Միաժամանակ պետք է նշել, որ ձեռքբերումների տեսակետից ավելի շատ հարուստ էր Փարիզում տեղի ունեցած Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Իլոն Մասկ հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջամտությամբ»։

Ըստ զրուցակցի՝ հանդիպման ընթացքում երկու պաշտոնյանների քննարկումների առանցքում եղել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա փոխհարաբերություններին վերաբերող հարցերը։ Ավելի կոնկրետ՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման հարցը, որը կապված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի կամ ավելի լայն համատեքստում, այսպես ասած, միջին միջանցքի տրամաբանության հետ, ասում է նա։

«20 օր է անցել, ինչ իշխանության է Թրամփի վարչակազմը, սակայն արդեն նկատելի է ԱՄՆ իշխանության բիզնես մտածողությունը։ Պետք է կարծել, որ տարածաշրջանային հարցերն առաջին հերթին այս համատեքստում են քննարկվել։ ԱՄՆ ցանկացած վարչակազմ տարբերվում է իր մոտեցումներով ու պատկերացումներով, Թրամփը տարբերվում է ոչ միայն նախկին ղեկավարներից, այլ յուրօրինակություններ ունի նախկին հանրապետական ղեկավարների համեմատ, և այս առումով դեռևս նաև չենք կարող հստակ կերպով խոսել ԱՄՆ քաղաքականության մասին»,- նկատում է նա։

Փաշինյան-Վենսի հանդիպումը պետք չէ դիտարկել նաև որպես ազդակ տարածաշրջանային երկրներին, կարծում է Ղևոնդյանը, քանի որ այդ ազդակն արդեն տվել է Թրամփ-Իլոն Մասկ-ՀՀ վարչապետ հանդիպումը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի զանգը Թուրքիայի արտգործնախարարին, որի հետ խոսակցությունների որոշ հայտարարություններ վերաբերում էին տարածաշրջանին և տարածաշրջանի երկրների մոտեցումներին։

«Կարծում եմ՝ դեռևս հստակ սահմանագծել հնարավոր չէ, թե արդյոք ԱՄՆ-ն Հայաստանին է միայն դիտարկում տարածաշրջանում իր դաշնակիցը։ Օրինակ՝ Վրաստանի դեպքում տեսնում ենք, որ նոր իշխանությունները այնքան էլ հակված չեն Միացյալ Նահանգների հետ փոխհարաբերությունները բերել նախկին մակարդակի, Ադրբեջանն էլ փորձում է Արևմուտքի աչքին հակառուսական խաղ խաղալ։ Համենայն դեպս վերջին երեք օրերի գործողությունները՝ ռուսական տան փակումը, հակառուսական խոսույթը, ենթադրությունների տեղիք են տալիս։ Դրանք կարող են խորը նպատակ ունենալ՝ Ադրբեջանը ցանկություն ունի ԱՄՆ-ի հետ փոխհարաբերությունները հասցնել ԱՄՆ-Հայաստան փոխհարաբերությունների մակարդակին։ Իրանի դեպքում պետք է նկատենք, որ ինչքան ուժեղ է Հայաստանը, այդքան Իրանի համար ավելի հեշտ է Հայաստանի հետ կապված մարտահրավերները կառավարել, առավել ևս, երբ տարածաշրջանում կան այլ պետություններ, որոնք ավելի մեծ ռիսկեր են պարունակում Իրանի համար»,- ասում է քաղաքագետը։

Ամեն դեպքում, ըստ նրա, վաղ է հասկանալ, թե այս հանդիպումը ինչ ազդեցություն կունենա Հայաստանի և Նահանգների հետ հարաբերություններում, քանի որ դեռևս ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ տեղեկատվություն հասանելի չէ։ Փաստ է, որ Հայաստանի կարգավիճակն այս այցով պայմանավորված փոխված էր, Հայաստանը ընկալվում էր արդեն որպես ռազմավարական գործընկեր Նահանգների համար, իսկ վաշինգտոնյան այցն այլ հանդիպումներով բավականին հագեցած էր, կարծում է Ղևոնդյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունը մշտապես է աշխատանքներ տարել՝ հանդիպելու թե՛ Բայդենի, թե՛ Թրամփի հետ, կստացվի՞, թե՞ ոչ, այլ հարց է․ «Կարևոր է հասկանալ, թե ով է զբաղվելու ՀՀ հարցերով։ Ես ենթադրում եմ, որ դա լինելու է պետքարտուղար Ռուբիոն, կամ նրա խորհրդականներից մեկը, այն տրամաբանությամբ, ինչպես նախկինում էր, երբ ՀՀ հարցերով զբաղվում էին Բլինքենն ու նրա խորհրդական Բրայենը»։

Այժմ Հայաստանը պետք է սերտ աշխատի ԱՄՆ տարբեր պաշտոնյանների հետ, հատկապես՝ անվտանգության մասով, շեշտում է զրուցակիցը՝ հավելելով՝ որքան ավելի շատ ծրագրեր ներկայացվեն ամերիկյան կողմին, այնքան հավանականությունը մեծ կլինի, որ դրանց մեծ մասը կիրագործվի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ