Հաստատվել է անհուսալի վարկերի աջակցության ծրագրին դիմած ավելի քան 600 քաղաքացու դիմում:
Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։
Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև.
ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ,
ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը,
ՔԱՅԼ 3։ Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը,
ՔԱՅԼ 4։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։
Բջջային նույնականացման քարտ (mID) և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices)։
Հիշեցնենք՝ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 1990-Լ որոշման համաձայն՝ միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ 2025 թվականի փետրվարի 7-ից, յուրաքանչյուր օր համապատասխան համակարգի միջոցով Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորվում է շահառուների ցուցակ, որն ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։