Հայաստանն այսօր կանգնած է գոյաբանական ընտրության առաջ, որտեղ այլևս տեղ չկա անհստակությանը, հարմարավետ կեղծ հավասարակշռությանը կամ կարճաժամկետ հաշվարկներին։ Շարունակել կեղծ ինքնախաբեության քաղաքականությունը, թե իբր կարող ենք հավասարակշռված դիվանագիտություն վարել և մնալ ռուսական ազդեցության մեջ՝ միաժամանակ ակնկալելով զարգացում, նշանակում է հրաժարվել սեփական պետականության հեռանկարից։ Փաստերը խոսում են հստակ․ Ռուսաստանը Հայաստանի համար այլևս ոչ միայն անիրագործելի հույս է, այլև հստակ սպառնալիք, որը խոչընդոտում է երկրի զարգացմանը, անվտանգությանն ու ինքնիշխանության պահպանմանը։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:
«Տնտեսական կախվածության մասին մանիպուլյացիաները, թե իբր Ռուսաստանի հետ կապերը մեր կենսունակության երաշխիքն են, այլևս չեն դիմանում փաստերին։
Այո, Հայաստանից Ռուսաստան աշխատող միգրանտները տարեկան ուղարկում են ավելի քան $3 միլիարդ, բայց այդ գումարները ձևավորում են ոչ թե երկարաժամկետ տնտեսական աճ, այլ՝ կախվածության մոդել, որտեղ հայ ընտանիքները ստիպված են գոյատևել, այլ ոչ թե զարգանալ։ Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանի համար ոչ թե աճի հնարավորություն է, այլ փակուղի, քանի որ այդ հոսքը ոչ թե արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների կամ կրթության զարգացում է ապահովում, այլ պարզապես սոցիալական ողբերգական հարվածի մեղմացում։
Ռուսաստանը 2022-ի փետրվարից ի վեր գտնվում է աննախադեպ միջազգային մեկուսացման մեջ, ինչն անխուսափելիորեն ազդում է նաև Հայաստանի վրա։ Ռուսական տնտեսության ՀՆԱ-ի աճի մասին ներկայացվող թվերը կեղծ են, քանի որ այդ աճն ամբողջությամբ պայմանավորված է ռազմական արդյունաբերության մեծացմամբ, ինչը երկարաժամկետ կտրվածքով տնտեսության քայքայման ուղիղ ճանապարհն է։
Ռուսաստանը կորցրել է իր ավանդական շուկաների մեծ մասը, իսկ նրա հիմնական ֆինանսական պաշարները սառեցված են Արևմուտքում։ Կենտրոնական Ասիայի երկրները, որոնք նախկինում Մոսկվայի հետախուզական-տնտեսական համակարգի անբաժանելի մաս էին, արագորեն անցնում են դեպի Չինաստան և արևմտյան գործընկերներ։
Հայաստանը ՉԻ կարող իր ապագան կառուցել մաշվող, մեկուսացված և թուլացող Ռուսաստանի վրա, որը նույնիսկ իր ռազմավարական պարտավորությունները չի կատարում։ 2020-ի պատերազմից հետո պարզ դարձավ, որ Մոսկվան պատրաստ չէ իրական աջակցություն ցուցաբերել, իսկ 2023-ին ռուսական խաղաղապահների բացարձակ անգործությունը թույլ տվեց Ադրբեջանին ոչ միայն ուժեղացնել իր դիրքերը, այլև վերջնականապես ավարտել Արցախի գոյությունը։ Ավելին, Ռուսաստանը ոչ միայն չկանգնեց Հայաստանի կողքին, այլև բացահայտ համագործակցեց Ադրբեջանի հետ՝ փաստացի լեգիտիմացնելով Հայաստանի տարածքային կորուստները։
Ռուսական ազդեցության պահպանման տրամաբանությունը բացառապես հիմնված է վախի վրա․ վախ, թե Հայաստանը չի կարող գոյատևել առանց Ռուսաստանի, թե ԵՄ-ն և Արևմուտքը չեն ապահովի իրական անվտանգություն, թե աշխարհաքաղաքական փոփոխություններն ի վերջո կստիպեն Հայաստանին վերադառնալ Մոսկվայի գիրկը։ Սակայն սա ոչ միայն խաբկանք է, այլև ուղիղ դավաճանություն սեփական պետականության հանդեպ։
Եվրոպական միությունը միակ իրական գործընկերն է, որը Հայաստանին առաջարկում է երկարաժամկետ կայունություն, տնտեսական աճ և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում։ ԵՄ անդամ երկրներն այսօր աշխարհում ամենահզոր տնտեսություններն ունեն․ Գերմանիան՝ $4.3 տրիլիոն, Ֆրանսիան՝ $3.2 տրիլիոն, Իտալիան՝ $2.2 տրիլիոն, մինչդեռ Ռուսաստանը, իր հսկայական բնական ռեսուրսներով հանդերձ, ընդամենը $2.2 տրիլիոն ՀՆԱ ունի։
ԵՄ-ն այսօր ապահովում է աշխարհի լավագույն կրթական, գիտական և տեխնոլոգիական միջավայրը․ աշխարհի 10 լավագույն համալսարաններից 6-ը գտնվում են Եվրոպայում, մինչդեռ Ռուսաստանում նույնիսկ լավագույն կրթական հաստատությունները կտրված են միջազգային ակադեմիական համայնքից։
ԵՄ-ի հանդեպ հնչեցվող ամենատարածված մանիպուլյացիան այն է, որ իբր դրա ներսում լուրջ ճգնաժամեր են, որոնք արգելակում են նրա ընդլայնումը։ Սակայն փաստերը այլ բան են ցույց տալիս․ ԵՄ-ն ընդլայնվում է, ընդունելով նոր անդամներ, խթանելով Արևելյան գործընկերության ծրագրերը և ավելի խորացնելով իր ինտեգրացիոն քաղաքականությունը։ Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը արդեն իսկ շարժվում են անդամակցության ուղղությամբ, իսկ Հայաստանը ոչ միայն հետ է մնում, այլև դեռևս քննարկում է, թե արդյոք արժե մնալ Ռուսաստանի ստվերում։
Միգրացիոն ճգնաժամի մասին բարձրացված թեման ևս մանիպուլյատիվ է․ միգրացիան մարտահրավեր է, բայց ոչ գոյաբանական։
Գերմանիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների տնտեսությունները միայն ամրապնդվում են ներգաղթյալների աշխատուժի շնորհիվ, մինչդեռ Ռուսաստանն ինքը դատարկվում է․ 2022-2023 թվականներին Ռուսաստանը կորցրել է ավելի քան 1 միլիոն բարձրակարգ մասնագետ, որոնք հեռացել են պատժամիջոցների, մեկուսացման և ավտորիտար մթնոլորտի պատճառով։
Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լինել կցորդային պետություն՝ կախված մի ուժից, որը տնտեսական, քաղաքական ու ռազմական առումով անկման փուլում է։
Մենք ունենք երկու ընտրություն․ կամ դառնալ լիարժեք անդամ արևմտյան աշխարհակարգի՝ տնտեսական աճի, անվտանգության երաշխիքների և ինքնիշխանության ամրապնդման հեռանկարով, կամ մնալ ռուսական տիրապետության ներքո՝ հերթական անգամ կորցնելով տարածքներ, տնտեսություն և մեր քաղաքացիներին։
Ժամանակն է վերջնականապես հասկանալ, որ Ռուսաստանը ոչ միայն Հայաստանի ռազմավարական դաշնակիցը չէ, այլև՝ ամենամեծ սպառնալիքը նրա գոյության համար։ Ապագան Արևմուտքի, ԵՄ-ի և ժողովրդավարական աշխարհի հետ է։ Մենք այլևս չենք կարող մեզ թույլ տալ խաբկանքի ներքո ապրելու շքեղությունը․ Հայաստանի գոյության միակ ճանապարհը լիակատար ազատությունն է ռուսական ստրկությունից, զարգացման եվրոպական մոդելի որդեգրումն ու անվտանգության այն համակարգին ինտեգրվելը, որը մեր անկախությունն իրականում կպահպանի, այլ ոչ թե կհանձնի մեզ թշնամիներին։
Մենք այլևս ընտրության շեմին չենք, ընտրությունն արդեն կատարված է․ կամ մենք գնում ենք դեպի զարգացում, ազատություն և ինքնիշխանություն, կամ մնում ենք մի բռնապետական կայսրության ստվերում, որը պատրաստ է զոհաբերել մեզ իր ռազմաքաղաքական հաշվարկներում։ Եվ այս անգամ սխալվելու իրավունք այլևս չունենք»,- ասված է գրառման մեջ: