«Մեղրիի փոխանակման առաջարկը եղել է Ալիևի կողմից, ինքն էր այդ առաջարկն արել»:
2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ անդրադառնալով, իր խոսքերով ասած, «Մեղրիի նաֆթալինոտ երգ»-ին, ասել էր Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը գաղտնազերծեց փաստաթղթեր, որոնք ապացուցում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց սկզբունքով։
Իրականում թե ո՞վ է արել առաջարկը, ըստ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի, այդքան էլ էական չէ, էականն այն է, թե ինչ է տեղի ունեցել դրա հետևանքով:
Նա նկատում է՝ տեղի է ունեցել ավելի վտանգավոր բան. Մեղրիի ծրագիրը կանխելու համար Ռուսաստանը կլանել է ամբողջ Հայաստանը:
Անդրադառնալով ընդդիմախոսների այն պնդումներին, թե օրվա իշխանությունները պատրաստվում են հանձնել Մեղրին, և դրա համար են հիմա հրապարակվում այդ փաստաթղթերը, Ադամյանն ասում է՝ «այդ ցնդաբանությունները ում կարող են հավատ ներշնչել. Նիկոլ Փաշինյանը Մեղրիի միջանցք հանձնող լիներ՝ վաղուց հանձնել էր»:
Խոսելով արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի այն հայտարարության մասին, թե Մեղրիի փոխանակման ծրագրին ծանոթանալիս ինքն առաջին հերթին «զարմացել է, ոգևորվել», որ Հեյդար Ալիևը պատրաստ է Ղարաբաղը վերադարձնել Հայաստանին, Ադամյանն ասում է՝ չի կարծում, որ Օսկանյանը այնքան թույլ դիվանագետ էր, որ չհասկանար, որ դա նշանակում էր հարցը դարձնել սոսկ տարածքի խնդիր, այն դեպքում, երբ հայկական կողմը ազգերի ինքնորոշման խնդիր էր դնում:
Նրա խոսքով՝ դա առաջին հերթին նշանակում էր ընդունել, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, իսկ ո՞ւր մնացին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետությունը, ազգերի ինքնորոշման իրավունքը:
Զրուցակիցը նշում է՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ռուսաստանը այս ծրագրից չեն հրաժարվել, և հենց այն փաստը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում գաղտնազերծվեցին որոշ փաստաթղթեր, դա է վկայում:
Իսկ ինչո՞ւ տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը. հարցին Անահիտ Ադամյանը հարցով է պատասխանում՝ «իսկ երբևէ ձեզ հարցրե՞լ եք, եթե նպատակը Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին սպանելն էր, քաղաքականություն փոխելը, դժվա՞ր էր նրանց առանձին-առանձին սպանել»:
Ադամյանի համոզմամբ՝ «Հոկտեմբերի 27»-ը ուղիղ կապ ունի Ռուսաստանի հետ:
Հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա հրապարակվեցին այդ փաստաթղթերը, ու ի՞նչ տվեց այն Հայաստանին, Ադամյանը կարծիք է հայտնում, որ սա զգուշացում է Թուրքիային, Ռուսաստանին և տարածաշրջանի բոլոր այն երկրներին, որոնք Հայաստանի հետ կփորձեն խաղալ:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի ռեպորտաժում: