Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը համոզված է, որ տրանսպորտի միասնական տոմսային համակարգի դեմ իբրև թե «բոյկոտ» սկսած ընդդիմադիր ուժերի գլխավոր նպատակը նորից իշխանափոխության համար ակցիաներ նախաձեռնելն է։
Նա հիշեցնում է 2024 թվականին Տավուշի մարզի Կիրանց համայնքից մեկնարկած երթը, երբ ընդդիմադիրներն ասում էին՝ նպատակը սահմանազատման դեմ պայքարելն է, սակայն հասնելով Երևան՝ պահանջեցին իշխանության հրաժարականը։
«Վստահ եմ ու բազմիցս համոզվել եմ, որ շուտով խոսելու են իշխանափոխության մասին, կոչեր հնչեցնելու։ Արդեն նաև նկատել եմ որոշ դրվագներ, որ ավտոբուսներում խոսում են ոչ թե տոմսային համակարգից, այլ լուրջ քաղաքական թեմաներից։ Դա է հիմք ստեղծում, որ հասկանալի լինի՝ սաիրենց հերթական գարնանային հյուրախաղերն են»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա։
Պատգամավորը նկատում է՝ փողոցում գտնվող ընդդիմադիր անդամներին կարելի է երկու ուղղությամբ առանձնացնել․մի մասը հորդորում է քաղաքացիներին չվճարել, մյուս մասն ասում է՝ վճարեք, բայց 100 դրամ, սակայն, նրա խոսքով, պարզից էլ պարզ է, որ երկուսի ձգտումն իրականում մեկն է ու որևէ կապ չունի «բոյկոտի» բուն պատճառի հետ:
«Կոնկրետ քաղաքական կշիռ հավաքելու խնդիր ունեն երկու կողմերն էլ։ Միմասը էժան փիառ է անում, մյուս խմբի մոտ էլ այնպես է եղել, ինչպես Կիրանցի դեպքում էր․ նրանց միացել են նաև խորհրդարանական ըմդդիմության մի քանի անդամներ, ու փորձում են իրականացնել գարնանային ակցիաների մեկնարկը։ Առանձին թիմերով են աշխատում, տարբեր կուսակցություններ ունեն իրենց կողքին, բայց միևնույն ժամանակ, երբ այդ բոլորը տեսնեն, որ բոյկոտը իսպառ քչանում է, նորից կվերադառնան խորհրդարան։ Կարող ենք ասել, որ հիմա կրկին իրենց բախտն են փորձում՝ մտածելով՝ գուցե մի բան հաջողվի»,- ասում է նա:
Վերջինս շեշտում է՝ ընդդիմադիրները գործում են իրենց ոճին համապատասխան, այնպես, ինչպես միշտ են գործել բոլոր ակցիաների ընթացքում։
Այն, որ բոյկոտողներին կարելի է հանդիպել միայն առավոտյան ժամերին, Ղազարյանը դա համարում է շոուի մի մաս։
«Առավոտյան ուշադրության կենտրոնում շատ են կարողանում մնալ, երեկոյան արդեն հասարակությունն այլ զբաղմունք ունի, ուստի միակ միջոցը գտել են այն, որ առավոտ դեր խաղան, իսկ երեկոյան գնան տուն։ Առավոտյան ժամերին էլ մանիպուլացնող հայտարարություններով են աչքի ընկնում ու փորձում են ցույց տալ, թե քաղաքացիների մի հատված իրենց հետ է։ Այո, մենք էլ չենք փորձում թաքցնել, որ դժգոհող քաղաքացիներ կան, որոնց բողոքն իրականում որոշ տեղերում օբյեկտիվ է, սակայն հասարակությունը տեղյակ է, որ այն ամենը, ինչից բողոքում են, ժամանակի ընթացքում կկարգավորվի, երբ ունենանք նաև շարժակազմի համալրում»,- համոզմունք է հայտնում նա։
Ըստ Ղազարյանի՝ ընդդիմադիրներն ինչպես աշխատում էին իշխանություն եղած ժամանակ, այնպես էլ գործում են ընդդիմադիր դաշտում:
«Արտաքին դիվանագիտական աշխատանքներում Քոչարյանը երկար ժամանակ բանակցել է Մեղրիի փոխանակման շուրջ, այդ մասին խոսեց նաև ՀՀ վարչապետը, այդ մասին ակնհայտ է հանրության շրջանում, այսինքն՝ զրույցը տարածվել է։ Փաստ է, որ դիվանագիտական գործունեությունը Քոչարյանը ծավալել է գաղտնի նաև այդ ժամանակվա որոշումներ կայացնողներից։ Միայն վերջին պահին է տեղյակ պահել, թե ինչ ոճով է աշխատում։ Հիմա իրենց ավանդույթը փորձում են մեզ վրա տարածել, ասում են՝ գաղտնի պայմանավորվածություններ ունենք մենք Մեղրիի մասով։ Իրենց դիմացինին պատկերացնում են այնպիսին, ինչպիսին հենց իրենք են։ Սակայն ընդդիմադիրների քայլերը շատ բացահայտ են արդեն նաև հասարակության համար՝ շնորհիվ գաղտնազերծված փաստաթղթերի»,- նկատում է օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Ընդդիմադիր շրջանակները մշտապես ժողովրդի թիկունքում են գործել, ընդգծում է պատգամավորը, հետևաբար դա է պատճառը, որ վերջիններիս ձեռնարկած ցանկացած բոյկոտ անմիջապես ձախողվում է։ Նրա խոսքով՝ իշխանությանը մեղադրելով կեղծ օրակարգ իրականացնելու համար՝ընդդիմադիրները մոռանում են, որ իրենց վարած կեղծ օրակարգին ականատես են եղել և հասկացել բոլորը։
«Ժողովրուրդը հիմա շատ իամստուն է, դժվար է մանիպուլացնել նրան, միակբանը, որ կարող է երկխոսության հնարավորություն տալ ժողովրդի հետ, թափանցիկությունն ու անկեղծ զրույցն է։ Այժմ Հայաստանի քաղաքացին ամենատեղեկացվածն է, թե ինչ է կատարվում երկրում, ինչ լուծում կամ ինչ փուլում է գտնվում որևէ հարց, լինի՝ ներքին, թե արտաքին կյանքինվերաբերող»,- եզրափակում է պատգամավորը: