Վիճակագրական տվյալները, որոնք վերաբերում են Հայաստանի և Իրանի միջսահմանային երթևեկությանն ու քաղաքացիների փոխայցերին, անհրաժեշտություն են դարձնում Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունը։
Այս մասին մամլո ասուլիսում տեղեկացրեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարին։
«Վերջին տասն ամիսների ընթացքում մեր երկրների միջև քաղաքացիների 231 հազար 293 փոխայց է կատարվել, 66 հազար 593-ն Իրանի քաղաքացիներն են, 164 հազար 700 ՀՀ քաղաքացի է սահմանը հատել։
Ընդհանուր մեկնումների և վերադարձի թիվը հասնում է մոտ կես միլիոնի։ Տասն ամսվա կտրվածքով սա մեծ թիվ է։ Նույն ժամանակահատվածում հայ-իրանական սահմանը հատել է նաև 126 հազար 890 բեռնատար մեքենա։ Քաղաքացիները երթևեկում են նաև ավտոբուսներով ու իրենց անձնական փոխադրամիջոցներով։
Այս պահին մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 755 միլիոն դոլարի։ Առաջին քայլով ցանկանում ենք այդ ցուցանիշը հասցնել մեկ միլիարդի շեմին, իսկ հետագայում՝ երեք միլիարդի։
Իրանն այժմ ԵԱՏՄ կազմակերպության դիտորդ անդամ է, ինչը կնպաստի, որպեսզի առևտուրն առավել զարգանա: Երբ նայում են այն ցուցանիշները, կարծում եմ կհամաձայնեք, որ երկրորդ կամրջի շինարարությունը անհրաժեշտություն է: Նախագծին և՛ Իրանի, և՛ Հայաստանի իշխանությունները կողմ են։ Նախագծային աշխատանքներն ավարտվել են, հուսով ենք, որ շուտով կմեկնարկեն շինարարական աշխատանքները:
Առկա բոլոր հնարավորությունները միտված են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Այլ ելք չունենք, բացի մեր հարաբերություններըզարգացնելուց և ամրապնդելուց»,- ասաց դեսպանը:\