Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Սյունիքի մարզ։
Նպատակն է՝ տեղում ծանոթանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցների կողմից բարձրաձայնվող` իրավունքներին առնչվող խնդիրներին, անձանց իրավունքների ապահովման վիճակին, ինչպես նաև աշխատանքային պայմանների առնչությամբ բարձրաձայնվող մտահոգություններին։
ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը, Քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը և Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը տեղում ծանոթացել են իրավիճակին, հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ։
Մարդու իրավունքներին վերաբերելի բարձրաձայնված բոլոր հարցերը կհաշվառվեն, կներկայացվեն Մարդու իրավունքների պաշտպանին:
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ արդեն 5 օր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքները դադարեցված են։
Հրապարակումների համաձայն՝ կոմբինատի մի խումբ աշխատակիցների միջև փետրվարի 5-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունից էլ ավելի վաղ տեղեկացրել են, որ կոմբինատի տարածքում հրազենի կիրառմամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։