Հայաստանի պաշտպանական հնարավորությունները պետք չէ թերագնահատել. Իրանի դեսպան

Իրանը դիվանագիտական ճանապարհով կանի ամեն ինչ, որպեսզի Հարավային Կովկասում կանխվի նոր էսկալացիան։

Այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ քայլերի կդիմի Իրանը, եթե հատվեն նրա կողմից առաջ քաշված կարմիր գծերը և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։

«Մենք կողմնակից ենք դիվանագիտական երկխոսության միջոցով վիճահարույց խնդիրները կարգավորելու մոտեցմանը և միանշանակ դեմ ենք ուժի կիրառման միջոցով տարածաշրջանային հարցերը լուծելուն։ Մենք կգործադրենք մեր ողջ ջանքերը, որպեսզի տարածաշրջանը չմտնի նոր լարվածության մեջ, որովհետև ճանապարհ բացելու հարցում ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի։

Իրանը կիսում է Հայաստանի տեսակետն առ այն, որ ցանկացած երկրի տարածքով անցնող ճանապարհները պետք է գործարկվեն այդ երկրների ինքնիշխանության ներքո։ Սա նաև միջազգայնորեն ընդունված իրավունք է։

Եթե Հայաստանի նկատմամբ իրականացվի ագրեսիա, ապա կարծում եմ, որ նախևառաջ Հայաստանն ի զորու կլինի պաշտպանել իրեն։ Հայաստանի պաշտպանական հնարավորությունները թույլ չեն և այդ կարողությունները պետք չէ թերագնահատել»,- ասաց դեսպան Սոբհանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ