Միացյալ Նահանգներ այցը շատ կարևոր է։ Քաղաքականությունում պետք է օգտագործել ցանկացած միջոց։ Թրամփի պարագայում պետք է օգտագործել նաև կրոնական ասպեկտը։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
«Ցանկացած հայ պետք է ամեն ինչ անի, որ Փաշինյանի օրակարգը ԱՄՆ-ում հաջողվի, ու նա վերադառնա կոնկրետ արդյունքներով»,- ասաց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ սփյուռքահայերի համար դժվար է լինելու ընկալել «Իրական Հայաստանի» հայեցակարգը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ նրանց մի մասը սփյուռքում է հայտնվել Ցեղասպանության հետևանքով։
Ստեփանյանի կարծիքով՝ Թրամփը վերանայել է իր նախագահության նախորդ ժամանակաշրջանի մոտեցումները և այլևս հնարավոր չէ ասել, թե ԱՄՆ-ն վարելու է մեկուսացման քաղաքականություն։
«Կարծում եմ՝ Թրամփը հասկացել է այն սխալները, որ թույլ է տվել իր նախագահության նախորդ հատվածում, երբ փորձում էր ԱՄՆ-ն տանել մեկուսացման ճանապարհով։ ԱՄՆ-ն չի կարող զարգանալ, եթե գլոբալ քաղաքականությունում չի ունենում լուրջ դերակատարում։ Թրամփը որոշել էր քամու դիմաց թքել, բայց հասկացել է, որ դա հնարավոր չէ»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Նրա կարծիքով՝ ցանկացած ֆինանսավորում, որ գալիս է Արևմուտքից, բխում է ՀՀ շահերից, քանի որ դա կայացած քաղհասարակություն ունենալու միջոց է։ Հակառակ դեպքում ցանկացած իշխանություն կանի այն, ինչ ուզում է. մոտավորապես այնպես, ինչպես անում է Ալիևը Ադրբեջանում։
«Քաղհասարակությունը միակ զսպող գործոնն է այս պահին։ Այս ընդդիմությունը, որ պատսպարվել է Ազգային ժողովում, չի կարող հավասարակշռող դեր տանել։ Իրենք օրակարգ չեն ձևավորում այս երկրում»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Անդրադառնալով Ղարիբ Բաբայանի ձերբակալմանը՝ Դավիթ Ստեփանյանը նկատեց, որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ։ «Եթե դու նկարելուց մեկ ամիս անց տեղադրում ես այդպիսի տեսանյութ՝ խաղում ես թշնամու կողմից»։
Ստեփանյանի կարծիքով՝ Բաբայանը պետք է այդ տեսանյութը ուղարկեր իրավապահներին կամ այդ օրը տեղադրեր ու կրկին իրազեկեր իրավապահ կառույցներին։ «Ես կարող եմ ենթադրել, որ հատուկ է արվել, ու այս քայլը Հայաստանի Հանրապետության դեմ է»,- ասաց Դավիթ Ստեփանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում