Հօգուտ Հայաստանի բռնագանձվել է 50 հազար 720 եվրո, ՀՀ իրավունքը գրանցվել բնակարանի և բնակելի տան նկատմամբ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հունվարի 27-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռն է:

Վճռի հիման վրա՝ 2025 թվականի փետրվարի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է նաև 50 հազար 720 եվրոյին համարժեք շուրջ 22 միլիոն դրամ:

Վճռի մնացած մասի կատարման համար Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ խնդրելով տրամադրել կատարողական թերթ:

Նշենք՝ Սուրեն Գաբրիելյանը, որը մեղադրանքի առաջադրման ժամանակ գործարար է եղել, մեղադրվում է փողերի լվացման, խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար:

Նախկինում Սուրեն Գաբրիելյանը զբաղեցրել է Կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության կենտրոնի պետի պաշտոնը:

Իրեն առաջադրված մեղադրանքը Գաբրիելյանը չի ընդունում, կալանքի որոշումից հետո Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել:

Գլխավոր դատախազությունում Սուրեն Գաբրիելյանին պատկանող գույքերի առնչությամբ ուսումնասիրությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին: Հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել 2023 թվականի ապրիլի 17-ին: Դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թվականի հունվարի 17-ին կայացրել էր որոշում, որպիսի պայմաններում Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ