Բաքվում կշարունակվի ԼՂ նախկին ղեկավարների և քաղաքացիական անձանց դեմ շինծու մեղադրանքներով դատավարությունը

Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 6-ին կշարունակվի ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների և քաղաքացիական անձանց դեմ շինծու գործերով դատավարությունը:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանց, հիշեցնենք, մեղադրում են «ահաբեկչության», «ռազմական հանցագործությունների», «ցեղասպանության» և այլ «հանցանքների» համար:

Լսումները կշարունակվեն Բաքվի ռազմական դատարանում՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։

Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը մերժել էր 15 գերեվարված անձի խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։

Նույն դատարանում համաժամանակյա ընթացող ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին առնչվող նիստում դատարանը տվել էր ևս 10 օր՝ Վարդանյանին ու պաշտպանին շինծու գործի նյութերին ծանոթանալու համար։ Նրա գործը քննվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։

Նախորդ դատական նիստում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուս ղեկավարների գործին և քննել միասին, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ