5-րդ օրն է՝ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների մեկնարկած գործողությունները, որոնք նրանք անվանում են բոյկոտ, շարունակվում են, սակայն օր օրի ավելի կարճ ժամանակով:
150 դրամ վճարող և իրենց գործողություններին դեմ մարդկանց թիրախավորելուց և վիրավորելուց բացի, վերջիններս նաև վարորդների հետ են վիճաբանության մեջ մտնում։ Այժմ էլ տեղեկություններ են տարածում, թե վարորդներին «հրաման է» իջեցվել՝ չվարել ավտոբուսն այնքան ժամանակ՝ մինչև չվճարող քաղաքացիները վճարեն, կամ ավտոբուսից իջեցնել այն անձանց, որոնք տրանսպորտ նստելիս չեն ցանկանա վճարել։
Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում արձագանքելով այս լուրերին, նկատում է՝ ամբողջ աշխարհում է այս կարգը գործում, երբ որևէ ծառայությունից օգտվելու համար քաղաքացին վճարում է։ Վերջինս, սակայն, հերքում է այն պնդումները, թե վարորդների առջև որևէ պահանջ է դրվել այս օրերին:
«Վարորդը պետք է զգուշացնի, որ ավտոբուսից օգտվելիս վճարեն, իհարկե, կարող է նաև տրանսպորտը չվարել այնքան՝ մինչև բոլորը վճարումը չկատարեն, բայց այս պահին նման լիազորություն վարորդներին տրված չէ։ Կան վարորդներ, որոնք հորդորում են կամ զգուշացնում քաղաքացուն, որ պետք է վճարել, սակայն այլ քայլերի դիմելու իրավունք, դրանից բացի, չկա»,- ասում է նա։
Ըստ Խաչատրյանի՝ վարորդի զգուշացումից հետո լինում են քաղաքացիներ, որ ուղղակի իրենց կամքով իջնում են ավտոբուսից կամ վճարում։
Միևնույն ժամանակ նա հայտնում է, որ ծառայության դիմաց վճարելու հարցը կարգավորելու են միայն հսկիչները, որոնք լինելու են ավտոբուսներում:
«Երևանի մասին օրենքի քննարկումներ ենք իրականացնում, դա տարբեր գերատեսչություններում պետք է շրջանառվի, որի մեջ ներառել ենք, որ հասարակական կարգի պահպանության վարչությունում պետք է ունենանք աշխատակիցներ, որոնք կշրջեն ու համապատասխան սարքավորումով կմոտենան քաղաքացուն, կանեն նույնականացում և կհասկանան, թե քաղաքացին արդյոք վճարե՞լ է տրանսպորտ մուտք գործելու պահին, կամ արդյոք նա վճարե՞լ է իր համար նախատեսված փաթեթներով։ Այսինքն՝ նաև դա է ստուգվելու, որ քաղաքացին վճարումը կատարած չլինի որևէ արտոնյալ խմբի պատկանող անձի քարտով, անգամ եթե իր հարազատն է»,- նկատում է նա:
Ցանկացած անձ պետք է օգտվի իր համար նախատեսված արտոնյալ փաթեթներից, շեշտում է Խաչատրյանը, քանի որ օգտվելով այլ անձի համար նախատեսված փաթեթից՝ դա նույնպես համարվելու է խախտում. «Երևանի մասին օրենքը Ազգային ժողովը կընդունի նոր չափորոշիչներով, և այդ պահին կհստակեցվի թե՛ հսկիչների աշխատանքը, թե՛ տուգանելու ձևաչափը։ Այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ չունենք չվճարողների մեծ քանակ։ Ավագանու ՔՊ խմբակցության անդամները շրջում են հանրային տրանսպորտում և արձանագրում, որ 90 տոկոս դեպքերում քաղաքացիները բարեխղճորեն վճարում են։ 10 տոկոսն է միայն, որ վճարում չի կատարում, բայց նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնց հետ խոսելու ընթացքում հասկանում ենք, որ տրվել են մանիպուլյացիաների, ինֆորմացիան հստակ հասկանալու դեպքում ամեն ինչ նրանց համար պարզ է դառնում»։
Միևնույն ժամանակ ավագանու անդամը ընդգծում է՝ չվճարող քաղաքացիների հետևանքով վարորդների աշխատավարձը բացասական առումով չի փոփոխվի, ավելին՝ քաղաքապետարանը, ըստ նրա, արդեն նշել է, որ վարորդներն իրենց աշխատավարձերից բացի՝ նաև հավելավճարներ են ստացել իրենց կատարած աշխատանքի համար։
Խաչատրյանը համոզված է, որ բոյկոտը մեծ ծավալ չի կազմում, ուստի այն չի բերի կոլապսի։
Վերջինիս խոսքով՝ շատ կարևոր է արձանագրել, որ հիմնավոր բոյկոտի հիմքեր չկան, չնայած «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի պնդմանը, թե բոյկոտը հաջողվում է, Խաչատրյանն ասում է՝ այդ «բոյկոտը» ժամանակից շուտ արդեն մարվել էր։
«Քաղաքացին, տեսավ, թե ովքեր են իրականում ղեկավարում այս ամենը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորները, նախկին իշխանությունների կողմնակիցները, որոնց նպատակը ոչ թե ի շահ քաղաքացու որոշում կայացնելն է, այլ տարբեր քաղաքական մոտիվներից ելնելով՝ գործողությունների կատարումը»,- ասում է նա: