«Ազատության»՝ օրերս թողարկված ռեպորտաժում շարադրված՝ ԱՄՆ պետդեպի գաղտնազերծած այլ փաստաթղթեր էլ եկան վկայելու, որ Քոչարյանը ոչ միայն սակարկության առարկա է դարձրել Ցեղասպանության հարցը՝ այն ներմուծելով Մեղրիի փոխանակման շուրջ տեղի ունեցած բանակցություններ, այլ փորձել է օգտագործել հարցը որպես գործիք՝ Թուրքիային շանտաժ անելու համար։
2000 թվականի հունվարին, ըստ Պետդեպի փաստաթղթերի, տարածքների փոխանակման շուրջ բանակցող Ռոբերտ Քոչարյանը Դավոսում՝ Ալիեւի հետ առանձնազրույցում, նոր պահանջ է դրել սեղանին։
«Ընդգծելով հայ-իրանական սահմանի ծայրաստիճան կարեւորությունը՝ Քոչարյանն առաջարկել է տալ Մեղրին եւ կորցնել այդ սահմանը, ինչպես ի սկզբանե պայմանավորվել էին Նախիջեւանում, եթե Թուրքիան համաձայնի քննարկել 1915-1916 թվականների Ցեղասպանությունը»,- նշված է Պետդեպի գաղտնազերծած հեռագրերում։
Ալիեւը հակադարձել է՝ Ցեղասպանության հարցը երբեք չի եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում, եւ ինքը չի կարող նման հարց բարձրացնել թուրքական կողմի առաջ։ Միաժամանակ, սա հիմք է տվել Ալիեւին ամերիկացի դիվանագետի մոտ պնդել՝ ստացվում է, որ Իրանի հետ սահմանի հարցն այնքան էլ կենսական չէ հայկական կողմի համար։
«Եթե Քոչարյանը պատրաստ է հրաժարվել դրանից Ցեղասպանությունը ճանաչելու գնով, ուրեմն Մեղրին ոչ թե սկզբունքային նշանակություն ունի, այլ սակարկման մանրադրամ է հայկական կողմի համար»,- պնդել է նա։
Ինչն է ուշագրավ՝ օրակարգ մտցնելով Ցեղասպանության ճանաչման հարցը՝ Քոչարյանն այն հետագայում փորձել է որպես պատրվակ օգտագործել՝ Ալիեւի հետ ավելի վաղ՝ Մեղրիի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունից հրաժարվելու համար։
Այսքանից հետո, թե ով է Ցեղասպանությունն ուրացողը, ով՝ սակարկման առարկա դարձնողը, ով պատմական ռեւիզիայի ենթարկողն ու ով դրժողը, պիտի դատի հանրությունը, որի «ինստիտուցիոնալ հիշողություն» ունենալու, «մանկուրտ» չլինելու վրա, հուսանք, Արթուր Խաչատրյանի հետ բանավեճի տաղավար եկած ու իշխանությանը չկարդացած, անգետ լինելու համար մեղադրող մեկ այլ դաշնակցական՝ Գեղամ Մանուկյանը, չի կասկածում։