Ինչ քայլեր պետք է անի քաղաքացին, որպեսզի հայտարարագրի իր եկամուտը, և որ տվյալներն են ինքնաշխատ լրացվելու

Քաղաքացին պետք է ունենա ID՝ նույնականացման քարտ և այդ ID քարտն ունենալուց հետո երկու տեսակի նույնականացման ճանապարհ անցնի իր ընտրությամբ: Առաջինը նույնականացման քարտով նույնականացման ճանապարհն է: Երկրորդը բջջային նույնականացումն է, որը կապի օպերատորներից պետք է ձեռք բերվի: Այդ մասին Ազգային ժողովում համընդհանուր հայտարարագրման թեմայի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պարզաբանելով, թե ինչ քայլեր է պետք անել եկամուտները հայտարարագրելու համար:

«Երկրորդն արդեն համակարգն է, որը մշակված է: Ունենք և՛ բջջային հավելված, և՛ վեբ տարբերակ, որտեղ քաղաքացին, արդեն նույնականացվելով ID քարտի կամ նույնականացման միջոցով, կարողանում է լրացնել իր հայտարարագիրը»,- ասաց նա:

Երրորդ քայլը հայտարարագրի լրացումն է, չորրորդ քայլը՝ վճարած հարկերի հիման վրա սոցիալական կրեդիտների կամ սոցիալական ծախսերի գծով փոխհատուցումների ստացումը:

Վարձու աշխատողները հայտարարագիր լրացնողների մեծ խումբ են կազմում: Նրանց եկամուտները մեծ մասամբ ինքնաշխատ լրացվում են, այն է՝ եթե մեծ մասը չունի կողմնակի եկամուտ, որոնք հարկվող են կամ չհարկվող են, մյուս տվյալները ինքնաշխատ լրացվում են:

Ինքնաշխատ ձևով լրացվում են նաև այն վերադարձները, որոնք եկամտահարկից տրվում են, օրինակ՝ հիփոթեքային վարկի, ուսման վարձի գծով, շահաբաժինների մասով եկամտահարկի վերադարձի տվյալներն ինքնաշխատ լրացվում են: Առաջիկայում ինքնաշխատ կերպով կլրացվեն նաև տաքսիների հարկման համակարգին, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերին առնչվող տվյալները:

Այժմ աշխատանք է իրականացվում ԿԲ-ի հետ, որպեսզի քաղաքացիների ավանդների, վարկերի, փոխառությունների, ապահովագրական հատուցումների և այլ հոսքերի մասին ֆինանսական տվյալները ևս ավտոմատացվեն, որպեսզի քաղաքացիները ժամանակ չծախսեն դրանք լրացնելու համար:

«Նպաստները, կենսաթոշակները, սոցիալական օժանդակության առանձին գործիքներով քաղաքացիներին տրվող գումարները նույնպես առաջիկայում ավտոմատացվելու են, այդ թվում՝ «Զինապահ» հիմնադրամից ստացվող հատուցումները»,- ասաց նա և հավելեց, որ սրանց ներդրման պարագայում քաղաքացիների եկամուտների մեծ մասն ավտոմատ կերպով լրացվելու է, և նրանցից պահանջվելու է միայն մտնել, ստուգել և հաստատել հայտարարագրի տվյալները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ