![]()
Քանի որ ընդդիմադիր ավագանու անդամները հայտարարում են, թե իրենց պայքարի շնորհիվ է մեկ ուղևորության սակագինը դարձել 150 դրամ, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ հրապարակում է հունվարի 31-ի ավագանու նիստի քվեարկության արդյունքները։
«Ո՛չ «Ազգային առաջընթաց», ո՛չ էլ «Մայր Հայաստան» խմբակցության անդամները չեն քվեարկել այդ նախագծի օգտին։ Ընդհակառակը, նրանք հրահրել են վեճ, բոյկոտել նիստը և փորձել են տապալել այն։ Ընդդիմադիր ուժերից միայն «Հանրային ձայն» խմբակցության անդամներն են մասնակցել քվեարկությանը։
Որոշումը կայացվել է բացառապես քաղաքացիների առաջարկների և բողոքների հիման վրա»,- գրել է Գալջյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ հունվարի 31-ին ավագանու արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում 1 ուղևորության համար 150 դրամ սակագին սահմանելու հարցն էր։
Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունեց որոշումը, որով հասարակական տրանսպորտով մեկ ուղևորության համար սահմանեց 150 դրամ արժեք:

![]()