Սա տրանսպորտի ակցիա չէ, ուզում են շեղել ուշադրությունը նրանից, ինչի մասին 20 տարի խոսել ենք. Անի Խաչատրյան

Մի քանի օր է, ավելի ստույգ՝ փետրվարի 1-ից, ընդդիմությունը կրկին փողոցում է, այժմ էլ ավտոբուսների մեջ է պայքարում. պատճառը բոլորին է հայտնի. չարդարացված է համարում մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորատոմսի սակագինը, որը 100 դրամից դարձել է 150 դրամ: Պնդում են, թե այն կարելի է սուբսիդավորել:

Եվ թեև Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները և գործող իշխանությանը այլ ընդդիմախոսներ վստահեցնում են, թե պայքարը միայն սոցիալական է, այնուամենայնիվ, դժվար չէ նկատելը, որ սոցիալական հարցի հետ միաժամանակ նրանք քաղաքական այլ թեմաների վերաբերյալ ևս հայտարարություններ են անում:

Դիցուկ՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը բոյկոտի ընթացքում հայտարարել է, թե մանիպուլյացիա է այն, որ Հայաստանի քաղաքացուն ասում են՝ Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն։

«Մենք մաքսիմում գնում ենք դեպի Թուրքիա։ Արևմուտքը այստեղ չէ, ֆիզիկապես երբեք այստեղ չի լինելու, և մենք ունենք ռազմավարական գործընկերներ, պետք է հաշվի նստենք մեր աշխարհագրության հետ։ Ես դեմ եմ ԵՄ անդամության թեզին, որովհետև ԵՄ-ն մեզ չի սպասում, այդ օրակարգը կեղծ է»,- ասել է ռուսական ուղղությունն առավել գերադասող և նախկին պատգամավոր Անդրանիկ Թևանյանի կուսակից Հակոբյանը։

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ այն, որ ավագանու ընդդիմադիր անդամների ակցիան որևէ աղերս չունի տրանսպորտի և քաղաքացիների հանդեպ ունեցած մտահոգությունների հետ, վաղուց ակնհայտ է։ Ըստ նրա՝ Երևանի փողոցներում ընդդիմությունը իր բոլոր լծակներով պարզապես քաղաքական ակցիաներ է սկսել։

«Նմանատիպ քաղաքական ակցիա էլ եղավ Երևանի քաղաքապետարանի արտահերթ նիստի ժամանակ, երբ դահլիճ էին եկել հատուկ նպատակով և սկսեցին կոնֆլիկտ հրահրել։ Պատահական չէր նաև նիստի ընթացքում հրահրած քաշքշուկը, որովհետև դրանից մեկ օր առաջ համացանցում լայն տարածում էր ստացել «Ազատության» ռեպորտաժը՝ կապված Մեղրիի փոխանակման վերաբերյալ՝ Նահանգների գաղտնազերծած փաստաթղթերի հետ։ Իրենց պետք էր, որ սկանդալի միջոցով մարդկանց ուշադրությունը շեղեին այդ թեմայից, փակեին դրա վերաբերյալ խոսակցությունները տրանսպորտից բողոքելու թեմաներով»,- համոզված է նա։

Անդրադառնալով Հակոբյանի այն հայտարարությանը, թե Եվրամիությունում չի կարող լինել որևէ իրավիճակ, երբ քաղաքական պառլամենտում 30 հոգով հատուկ նշանակության գումարտակը որևէ մեկին դուրս հանի, ինչպես իրեն քաղաքապետարանի արտահերթ նիստի ժամանակ, Խաչատրյանը հիշեցնում է․ «Իր տերերի իշխանության ժամանակ ավագանու անդամին դահլիճում ծեծում էին։ Հակոբյանը թող վերցնի իրենց կուսակցության, խմբակցության Աղեկյանի կադրերը, լավ ուսումնասիրի։ Դա իր տերերի, իր քաղաքական պապայի իշխանության ժամանակ էր»:

Ըստ Խաչատրյանի՝ պատահական չէ նաև, որ այս ուժերը խոսում են Եվրամիության մասին. «Այն ուժը, որը ներկայացնում է Հակոբյանը, ռուսական պրոպագանդան առաջ տանող քաղաքական ուժ է: Իրենց առաջին համարը՝ Անդրանիկ Թևանյանը, ռուսական հեռուստաընկերությունում Հայաստանն էր խայտառակ անում, իրենք էլ այստեղ են խոսում։ Ցանկացած բան, ինչ խոսում է այդ ուժը, պրոռուսական է։ Բնականաբար, ակնհայտ է, որ իրենց քայլերը համակարգվում է Կրեմլից։ Պետք է հիշել, որ այս ուժը կապված է Քոչարյանի հետ։ Տարբեր քաղաքական հայտարարություններով փորձում են լսարանի ուշադրությունը շեղել, որպեսզի ժողովրդի ուշադրությունը չգրավի այն իրականությունը, ինչի մասին 20 տարի խոսել ենք, ինչի հետ կարելի է կապել ՀՀ պատմության վերջին տարիներին կատարված բոլոր վատ իրադարձությունները»։

Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավարը արձագանքում է նաև ավագանու ընդդիմադիր անդամի այն հայտարարությանը, թե պետք է հաշվի նստել մեր աշխարհագրության հետ, քանի որ Հայաստանն արդեն ունի իր ռազմավարական գործընկերները։ Այս համատեքստում Խաչատրյանը հիշեցնում է 44-օրյա պատերազմը, թե ինչպես դրա ժամանակ վարվեց Ռուսաստանը Հայաստանի հետ։

«Այս ուժը քաղաքական ուժ չէ, իրենից ոչինչ չի ներկայացնում։ Հայաստանի քաղաքացին իր 60 հազար ստորագրությամբ (-Խմբ. նկատի ունի Եվրամիությանը անդամակցության հայտ ներկայացնելու՝ քաղաքացիական նախաձեռնության ժամանակ հավաքված ստորագրությունները) մերժել և մերժում է իրենց հայտարարությունները։ Դրա հետ կապված հասարակությունը մերժել է իրենց տերերին դեռևս 2018 թվականին։ Մեր ռազմական գործընկերը, ում համար կուրծք են ծեծում, չի օգնել մեզ, չի օգնելու։ Մեզ դավաճանած գործընկերներ ունենք, դրա համար Հայաստանը պետք է փորձի բոլոր տեղերից հարաբերություններ ձևավորել։ Իսկ իրենք ինչքան ուզում են, կարող են հակաքարոզչություն անել այդ ճանապարհին, զարմանալի ոչինչ չի լինի, դա իրենց ներքին ու արտաքին տերերի ցանկությունն է»,- ասում է Խաչատրյանը։

Ըստ նրա՝ այն բառապաշարով, որով փողոցում քաղաքացիների հետ խոսում է ընդդիմությունը, ևս նրանց բնորոշ է․ «Դա իրենց բառամթերքն է։ Իրենց պետք է հիշեցնել նաև, որ Թուրքիա գնացել են իրենց տերերը, երբ Մեղրիի փոխանակման տարբերակն էին քննարկում»։

Ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավարը ընդգծում է, որ ընդդիմադիրների կռիվը համապետական մասշտաբով աթոռակռիվ է, իսկ Հայաստանի քաղաքացին արդեն շատ վաղուց այնքան հասուն է, որ չի տրվում կամ չի տրվելու քաղաքական նման խաղերին։

«Ակցիաները իրենց միակ տարբերակն է, որ պետք է օգտագործեն։ ՀՀ քաղաքացին գիտի, որ սա տրանսպորտի ակցիա չէ. այն մարդիկ, որոնք գիտեն, թե ակցիա իրականացնողները ովքեր են, հասկանում են նաև, թե ակցիա իրականացնողների հետևում ովքեր են թաքնված»,- եզրափակում է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ