Վիճաբանության և դանակահարության հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից 22-ամյա տղան մահացել է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանանցման բաժանմունքում մահացել է Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը։ Վերջինը «կրծքավանդակի վերին աջ կեսի կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ նշված հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 1-ին՝ Աբովյան քաղաքում՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցու դիմաց տեղի ունեցած դանակահարության հետևանքով։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված հանցագործությունը բացահայտված է, կան ձերբակալվածներ, այս պահին նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ չի հրապարակում։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր աղբյուրը, հունվարի 1-ին՝ ժամը 17։10-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ վիրավոր քաղաքացիներ կան։ Տեղում պարեկները եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել էին 2 վիրավոր քաղաքացու՝ գետնին ընկած։

Պարեկները ահազանգել էին «Աբովյան» բժշկական կենտրոն, առաջին բուժօգնություն էին ցուցաբերել վիրավորներին, ապա ժամանած շտապօգնությունը նրանց տեղափոխել էր «Աբովյան» բժշկական կենտրոն։ Պարեկներն ու ոստիկանները եկեղեցու դիմաց և եկեղեցու հարևանությամբ հայտնաբերել էին արնանման հետքեր և գլխարկ։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողներին բժիշկները հայտնել էին, որ վիրավորները ի վիճակի չեն եղել կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվել են վիրահատարանում։

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ ժամը 17։00-ի սահմաններում դանակահարության հետևանքով «կրծքավանդակի աջ հետին կողմնային պատի կտրած, ծակած թափանցող վիրավորում, պնևմոթորակս, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Լևիկ Ստեփանյանը, «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, ձախ հետույքային շրջանի և ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած, ծակած վերք ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Գինոսյանը և «գլխի գագաթային շրջանի սալջարդ վերք, կրծքավանդակի ձախ կողմնային պատի փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ 25-ամյա Արման Աբրահամյանը։

Պարզվել էր, որ նույն օրը ժամը 17։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտակայքում վիճաբանություն էր տեղի ունեցել Երևանի բնակիչ 24-ամյա Սմբատ Առաքելյանի, Արմեն և Արման Գինոսյանների, մի կողմից Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Ալբերտ Սայանի, հիվանդանոց տեղափոխված Լ․ Ստեփանյանի, Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Վարդան Կարապետյանի և 24-ամյա Մարտին Անտոնյանի միջև, որի ընթացքում վիճաբանությունը վերածվել էր փոխադարձ հարվածների՝ իրար տալով հայհոյանքներ, ինչի հետևանքով ստացված օպերատիվ տեղեկություններով հիվանդանոց տեղափոխվածներից մեկը իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով հարվածել էր Արմեն Գինոսյանին, իսկ վերջինն էլ հարվածել էր Լ․ Ստեփանյանին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ