Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսահայ համագործակցության համակարգող Պրովենդիեի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել Կալվադոսի դեպարտամենտի փոխնախագահ Մելանի Լեպուլտեն, Առնուվիլի, Լիոնի, Կլամարի ու Էքս ան Պրովանսի փոխքաղաքապետերը և այլոք։

Ինչպես հայտնել են նախարարությունից, պատվիրակությունը քառօրյա այցով Հայաստան է ժամանել «Արարատի և Արմավիրի մարզերում փախստական բնակչության և հյուրընկալող համայնքներին աջակցության» (Support to refugee populations and host communities in Ararat and Armavir regions) ծրագրի շրջանակներում։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը թե՛ վերոնշյալ և թե՛ իրականացվող ու պլանավորված այլ ծրագրերի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման հիմնական դրույթները, կողմերի տեսլականները, փորձի փոխանակման առավելությունները, հայկական և ֆրանսիական համայնքների միջև սերտ համագործակցության խթանումը։

ՀՀ ՏԿԵ նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի աշխատանքային խմբի անդամ, ՏԿԵՆ վարչական վերահսկողության վարչության պետ Արկադի Չերչինյանը ներկայացրել է խմբի կատարած աշխատանքները և նշել, որ ՀՀ կառավարության նպատակն է ոչ միայն աջակցել, այլև ապահովել մեր հայրենակիցների համար Հայաստանում մշտական բնակություն հաստատելու անհրաժեշտ պայմաններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ