«5-րդ շարասյան» ինչքան թույն ու թարախ կա, գրոհել է, ԱՄՆ-ն ՀՀ-ում հեղաշրջումը կանխեց. Սուքիասյան

«Քրիստոնեա — Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը կարծում է, որ վերջին օրերին ակնհայտորեն Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ։

Մեղրիի փոխանակման վերաբերյալ հրապարակումները, ապա իրանցիների մասնակցությամբ տեսանյութի տարածումը, այնուհետև Մետրոպոլիտենում խուլիգանություն կատարելու դեպքը, ըստ նրա, խոսում են այն մասին, որ տեղեկատվական պատերազմն ավելի է սրվում և շարունակվելու է սրվել։

«Ռուսաստանը չի հանգստանում և հավանաբար չի հանգստանա։ Նա գիտակցում է, որ շուտով պետք է հեռանա, ավելի կոնկրետ՝ ռադը քաշի Հայաստանից, այն վայրից, որն արդեն իր վերջին հանգրվանն էր համարվում, ոտքի տեղն ու ամենահարազատը վայրը։ Հետևաբար իր շուրջը հավաքել է «5-րդ շարասյան» առաջնորդներին, մասնակիցներին և շպրտել է փողոց ու համացանց, որպեսզի տարբեր հարթակներով մարդկանց տեղեկատվական, հոգեբանական գրոհի ենթարկեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է նա։

Ըստ Սուքիասյանի՝ հիբրիդային պատերազմի համար լավ առիթ է նաև տրանսպորտի նոր սակագների հարցն օգտագործելով՝ բոյկոտ սկսելը:

«Տեսնում ենք, թե ինչպես են քաղաքականացնում տրանսպորտի սակագների հարցը, բայց դրանում հաջողություն չունեցան, քանի որ իշխանությունները քայլ արեցին՝ լսելով հասարակության ձայնը։ Տպավորություն էր, որ պետք է տուն գնային, բայց չեն գնում, ինչո՞ւ, որովհետև պատրվակ են գտել, որով կարող են մնալ դրսում ու խաթարել պետության բնականոն կյանքը, մարդկանց մոտ զայրույթ առաջացնել: Ժողովուրդը հարձակման է ենթարկվում, ինչքան թույն, թարախ կա, չի դադարում գործել»,- ասում է նա:

Կրկին անդրադառնալով Մեղրիի փոխանակման վերաբերյալ հրապարակումներին՝ զրուցակիցը մանրամասնում է, թե ինչպես է այն կապված հիբրիդային պատերազմի հետ։

«Ինչո՞ւ Միացյալ Նահանգները գաղտնազերծեց ու շրջանառության մեջ դրեց այդ փաստաթղթերը, հավանաբար ունեն տեղեկություններ, այսինքն՝ հետախուզական տվյալներ, որ Հայաստանում հեղաշրջում է սպասվում, պատրաստվում են այդ ծրագրին, Մեղրիի հարցը հրապարակելով՝ կանխեց այդ գործընթացը։ Չեմ կարող պնդել ժամանակագրությունը, բայց կարող եմ ասել, որ հավանականություն կա այդ մասով եզրակացություն անելու համար։ Պարզ բան է, որ մեր երկրում գործակալական ցանց կա, որն իր պատմական շահը ավելի գերակա է համարում, քան պետական շահն ու գիշեր-ցերեկ գոռգոռում է, թե Մեղրին հանձնում է իշխանությունը և այլն։ Ժողովուրդը, ճիշտ է, ցնցվում է, բայց իրականությունը գիտի»,- նկատում է նա։

Հայկ Սուքիասյանը շեշտում է՝ պետության դեմ ուղղված ցանկացած գործողություն դեռևս իր նպատակին չի ծառայել։ Մարդիկ, որոնք աշխատում են պետության դեմ, մեծ հաշվով հաջողություն չեն գրանցել։ Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել նաև, որ հիբրիդային պատերազմի հարձակումները երկար են տևելու։

«Երկար գործընթաց է, մինչև Հայաստանը չհասնի իր ռազմավարական նպատակին, պայմանագիր չկնքի Ադրբեջանի հետ, չուժեղացնի իր դաշնակիցների հետ հարաբերությունները, հիբրիդային պատերազմները լինելու են։ Այս պարագայում կարելի է ասել, որ աշխատում են այն մարդիկ, որոնք ուղեղ չունեն, կամ գործում են գործակալական ցանցի շրջանակներում»,- ընդգծում է նա։

«Քրիստոնեա — Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահի կարծիքով՝ պետությունը պետք է համառորեն առաջ տանի իր թեզերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ