«Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» Կառավարության թիվ 1990-Լ որոշման համաձայն՝ միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո 5-րդ աշխատանքային օրվանից սկսած՝ ս/թ․ փետրվարի 7-ից, յուրաքանչյուր օր համապատասխան համակարգի միջոցով Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորվում է շահառուների ցուցակ, որն ուղարկվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, հայտնում են ՀԿԱԾ-ից։
Ծառայությունը շահառուների ցուցակն ստանալուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, վարկավորողի կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափ է սահմանում 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ։
Որոշմամբ սահմանված բռնագանձման նոր չափը՝ 20%-ը, միջոցառման շահառուների նկատմամբ կկիրառվի Միասնական սոցիալական ծառայության կողմից կազմված ցուցակն ստանալուն հաջորդող ամսվա 1-ից և կգործի 24 ամիս ժամկետով։
Տեղեկացնում ենք նաև, որ Միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորող ցուցակում ընդգրկվելու համար անձը՝ պետք է 2025թ․ փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը միայն մեկ անգամ ներկայացնի դիմում կա՛մ առցանց եղանակով՝ www.e-social.am կայքէջի միջոցով, կա՛մ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանում այցելելով, 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված առևտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում վարկառուի որևէ վարկ դասակարգվել է որպես անհուսալի է (առնվազն 3 տարի վարկային ակտիվը դասակարգած է անհուսալի դասով), և որի կամ որոնց մայր գումարը կամ գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 դրամը (համարժեք արտարժույթը), սույն միջոցառման շահառու դառնալու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է գրանցված աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության։