Երևանի տրանսպորտի ուղեվարձի բարեփոխումների գործընթացը օբյեկտիվորեն որոշակի դժգոհություն է առաջացրել հասարական տարբեր շերտերի մոտ։ Այն որ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգը էապես բարելավվել է՝ դա հերքման ենթակա չէ, թեպետ դեռ լիարժեքության չի հասել։ Այն որ համակարգը կարիք ունի ֆինանսական նոր հոսքերի՝ նույնպես աներկբա է։ Սակայն հանրային դժգոհությունների թերևս գլխավոր պատճառներից մեկն այն է, որ քաղաքապետարանի պաշտոնյաները մինչև վերջին պահը այնպիսի քայլեր էին կատարում, որոնք փաստում էին, որ քաղաքապետարանում թե՛ գնային և թե՛ տեխնիկական սպասարկման առումով չեն կարողացել նորմալ մշակել և իրագործել միասնական տոմսային համակարգի ներդրումը, որն էլ իր հերթին հասարակության մոտ առաջացրել էր խառնաշփոթ և դժգոհություն։
Բնականաբար սոցիալական այս դժգոհության պահը միանգամից որսացին քաղաքական ուժերը, որոնք փորձեցին տրանսպորտային կոլապս ստեղծել և այն սահուն տեղափոխել քաղաքական դաշտ։ Այդ փորձերը բնականաբար տապալվեցին, քանի որ հասարակությունը որքան էլ որ դժգոհ լինի ներքին կառավարումից, միևնույնն է արդեն քաջ գիտակցում է թե քաղաքական դաշտում ով ով է, ով որտեղից է գալիս և ուր է ուզում տանել երկիրը։ Այնտեղ որտեղ հայտնվում են դաշնակցականներն ու ռուսական հեռուստաեթերների չմարող աստղ Անդրանիկ Թևանյանն իր քարոզիչներով՝ կարելի է վստահ լինել, որ մարդիկ միանգամից մոռանալու են սոցիալական դժգոհությունները։
Այն ինչ վերջին երկու օրերին կատարվում է հանրային տրանսպորտում այսպես ասած բոյկոտի անվան տակ՝ բառի ուղիղ իմաստով քաղաքական և մեդիա տեռոր է, երբ հայտնի ուժերի առանձին ներկայացուցիչներն ու նրանց սպասարկող ռուպրները հարձակվում են քաղաքացիների վրա, անպատվելով և վիրավորելով նրանց փորձում են իշխանությունների դեմ հանրային դժգոհություն գեներացնել։ Այս ձեռագիրը նորություն չէ։ Այլ երկրի հայտնի կենտրոնի հրահանգներով գործող այս ուժերն արդեն 5 տարի շարունակ փորձում են քաոս և խառնաշփոթ առաջացնել երկրում և այդ նպատակի համար օգտագործում են ցանկացած հարց ու առիթ։ Տրանսպորտի հարցը հերթականն էր։ Երևանի տրանսպորտում տեսախցիկների առաջ մարդկանց վիրավորում և անպատվում են տեղացի «փրկիչները», բայց իրականում նրանց հետևից ցցված են ռուսական կայսրության պաշտոնյաների ականջները, որոնք սոցիալական դժգոհությունների աղմուկի մեջ փորձում են առաջ տանել հակարևմտյան և հակաիշխանական թեզեր։ Հայաստանը բացառապես ռուսական ծոցում տեսնող տեղացի լուկաշենկոները ոչ թե մտահոգված են քաղաքացիների հոգսերով ու խնդիրներով, այլ փորձում են այդ հոգսերն ու խնդիրները որպես գործիք օգտագործել իրենց հակահայկական ծրագրերի համար։ Սա հայտնի ձեռագիր է, ձեռագիր, որն արդեն մի քանի տարի օգտագործվում է Հայաստան պետության դեմ։