««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ում օրերս բացվեց Արյան բանկի նոր՝ ժամանակակից մասնաշենքը, որը կառուցվել է Հայաստանի կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համագործակցության արդյունքում։
««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի» արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ Արյան բանկը ամբողջովին վերակառուցվել է, ընդարձակ տարածքներ են ստեղծվել, որն առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում, որպեսզի դոնորները հաճույքով գան և կատարեն իրենց մարդասիրական գործն ու կյանքեր փրկեն։
Դոնոր կարող են դառնալ 18 տարեկանը լրացրած, պոտենցիալ առողջ մարդիկ, որոնք չունեն առողջական լուրջ խնդիրներ, սիրտ-անոթային համակարգը, զարկերակային ճնշումը նորմալ են։
Արյան դոնորները պետք է Արյան բանկ մոտենան աշխատանքային օրերին՝ առավոտյան 9։00-ից մինչև 13:00-ը։ Նախընտրելի է, որ դոնորը ճարպոտ, յուղոտ ուտելիք կերած չլինի, միայն թեթև սնունդ, թեթև նախաճաշ։
Հայաստանում գերակշռում են վճարովի դոնորները, այնուհետև՝ հիվանդի հարազատներն ու անվարձահատույց դոնորները։
Մեր երկիրը ռեկորդակիր է համարվում արյան երկրորդ դրական խումբ ունեցողների առումով, իսկ 4-րդ բացասական արյան խումբ ունեցողները հազվադեպ են հանդիպում:
Մեկ դոնորը կարող է փրկել երեք մարդու կյանք՝ «դառնալով հերոս»: