Կապ չունի՝ անողը արցախցի հայրենազուրկ է, թե հայտնի միլիարդատեր-միլիոնատերերի ակումբը. Սաֆարյանը՝ կեղծ տեսանյութի դեպքի մասին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզվում է’ օրերս լայն քննարկման առարկա դարձած հայտնի ապատեղեկատվական տեսանյութի դեպքում խոսքը ոչ թե թուրքերի ու ադրբեջանցիների, այլ «Հայաստանցիների» հանդեպ ատելություն կամ թշնամանք տարածելու մասին է…

Ու ինձ համար կապ չունի’ դա անողը արցախցի հայրենազուրկ է թե հայտնի միլիարդատեր-միլիոնատերերի ակումբը, տավուշցի է, թե սյունեցի, 70 թե 20 տարեկան է։

Սկանդինավյան, բալթիկ երկրներում ազգային անվտանգության բաղադրիչներից մեկը սոցիետալ անվտանգությունն է, որի ապահովման միջոցներից են դիտարկվում հասարակության հոգեբանական դիմակայունությունը և պետական մարմինների կողմից հիբրիդային սպառնալիքների հակազդումը։

Հայաստանը այսպիսի անվտանգային միջավայրում ու աշխարհում այլընտրանք չունի, քան այդ հայեցակարգերի ու մեխանիզմների տեղայնացումն ու ներդրումը։

Խնդրում եմ հարցը իրավունքի ու իրավապաշտպանության դաշտ չտանել.

1) ցանկացած իրավունքի ու ազատության մյուս երեսը անձի պատասխանատվությունն է դիմացի անհատի, հասարակության ու պետության հանդեպ,

2) ազատությունն ու իրավունքը չպետք է հակադրվեն անվտանգությանը, այլ հակառակը,

3) ես իրավապաշտպան չեմ և երբեք տուրք չեմ տվել ազատություններն ու իրավունքները ազգային անվտանգության հանդեպ ոչ գերակա, ոչ ստորակա համարելու մոտեցումներին։ Դրանք երկուսն էլ վտանգավոր են։ Նախկին իշխանությունները երկրորդն արեցին, արդյունքները տեսանք, ու լուծումը ամենևին հիմա էլ հակառակն անելը չէ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ