Ով է հրապարակել «Ղարաբաղ» երգող քաղաքացիների տեսանյութը. ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Ի լրումն 2025 թվականի հունվարի 31-ի հայտարարության, ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Ս.թ. հունվարի 30-ին համացանցում տարածվել էր տեսանյութ մի խումբ ԻԻՀ քաղաքացիների մասնակցությամբ Երևանի Հանրապետության հրապարակում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ համացանցում տարածված և լայն արձագանք գտած տեսագրությունը հրապարակվել է «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղ․ Բ․-ի կողմից՝ համանուն ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ տեսագրությանը կից Ղ․ Բ․-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ հանդես է եկել անձի կամ անձանց խմբի նկատմամբ քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն ավելի վաղ պարզաբանել էր, որ տեսանյութում պատկերված անձինք իրականում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ