Որոշ լրատվամիջոցներ, հղում անելով ՊԵԿ կայքում առկա տեղեկությանը և վարչապետի ասուլիսում նրա արած խոսքերին, թյուրիմացաբար նշել են, թե իբր համընդհանուր հայտարարագրման մասով վարչապետի պնդումը, թե սոցիալական կրեդիտների համակարգով վերադարձվում են նաև արվեստի, երաժշտական և այլ մասնավոր դասընթացներին մասնակցելու համար արված վճարումները, չի համապատասխանում իրականությանը։
Վարչապետի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացված։
Հունվարի 30-ին տեղի ունեցած Կառավարության նիստում վարչապետը շեշտել է, որ սոցիալական կրեդիտների նշված փոփոխությունը նախատեսվում է անել առաջիկայում. «Մենք հիմա նաև հետևյալն ենք անում, այս որոշումները վերաբերելու են ոչ միայն 2026 թվականին, այսինքն՝ 2025 թ. հայտարարագրի համար, այլև հիմա՝ առաջիկայում լրացվող հայտարարագրերին 2024 թվականի ծախսերի համար։ Մենք մտածում ենք, որ այդ սոցիալական կրեդիտների համակարգում պետք է ներառենք և կներառենք նաև արտադպրոցական ծառայությունները, մասնավորապես՝ երաժշտական դպրոցներ, նկարչական խմբակ, պարի խմբակ, սպորտային խմբակներ և այլն»։
Ուստի նշված ոլորտներում արված ծախսերը ևս առաջիկա փոփոխություններով կհամարվեն կրթական ծախսեր և սոցիալական կրեդիտների համակարգով հայտարարագրումից հետո կվերադարձվեն քաղաքացիների եկամտահարկից՝ կրթության գծով առավելագույնը 100 հազար դրամ, առողջապահության գծով՝ առավելագույնը 50 հազար դրամի չափով։