Քաղաքագետ Ստհոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում շարունակում է անդրադառնալ ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերին, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։
«Մինչ խոստացածս հոդվածները, նյութերը վերահրապարակելը, ուղղակի մի քանի արձանագրում ու փաստ․
1․ Նախկինում հերքում էին, թե Արցախյան խնդրի կարգավորման Մեղրիի աշխատանքային տարբերակ եղել է։ ԱՄՆ միջնորդների ու բարձրաստիճան պաշտոնյաների գաղտնի զեկուցագրերի ծավալուն նյութը հաստատում է, որ այն մոտ երկու տարի քննարկվել է, Հայաստանի անունից Ռոբերտ Քոչարյանը և Վարդան Օսկանյանը ընդհանուր համաձայնություն են տվել դրան։
Ու տարօրինակ է, որ ամեն ինչին, ու հատկապես «Զանգեզուրի միջանցք տալու բանավոր պայմանավորվածությունների» մասին արագ արձագանքող Ռոբերտ Քոչարյանն ու Ռոբերտ Քոչարյանը լուռ են․․․
Ավելին, այս սենսացիոն բացահայտումներից հետո իրենք պարտավոր էին հրապարակել իրենց արխիվներում առկա փաստաթղթերը՝ հերքելու, «պակասող հանգամանքները լրացնելու» կամ այլ նկատառումներով։
ՀՀ իշխանությունները պարտավոր էին անմիջապես հրապարակել այդ փաթեթները, մանավանդ որ ԱՄՆ բարձրագույն մակարդակով որոշել է առնվազն հրապարակայանցնել իր գաղտնի զեկուցագրերը։ Կամ՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են հայտարարել ու քրգործ հարուցել, եթե Հայաստանի պատկան մարմիններում առկա չեն Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այդ փաստաթղթերը, բացահայտել, թե ուր են գնացել կամ ում մոտ են դրանք։
2․ Հրապարակված զեկուցագրերը մատնում են ամերիկյան բանակցորդների անակնկալի գալը նման «համարձակ գաղափարներ» քննարկելու առումով, որոնք բարդ փոխզիջումներ էին ենթադրում՝ ի դեմս Լաչինի միշանցքը Մեղրիի միջանցքի դիմաց փոխանակելու ու հայկական կողմից 6,5 շրջան վերադարձնելու։ Ամերիկյան կողմը անակնկալի է եկել, որ հանկարծ վերադարձ է եղել 90-ականներին ամերիկյան հեղինակ Պոլ Գոբլի հրապարակած հոդվածի գաղափարին։
Գաղտնիք չէ, որ հոկտեմբերի 27-ի քաղաքական սպանությունից հետո Ռուսաստանը աջակցեց Հայաստանում ստեղծված երկիշխանության այն բևեռին, որը իբր թե կտրում էր Ռուսաստան-Իրան տարփողվող առանցքը ու ստեղծում Ռուսաստանին «տասնամյակներով մտահոգող» պանթուրքական գոտին․․․
Որևէ մեկի մոտ հարց չի՞ ծագում, թե ինչո՞ւ պետք է Ռուսաստանում իշխանության եկած Պուտինը սատարեր մեկին կամ մի իշխանության, որը թվում է, թե գործել է ամերիկյան նախաձեռնության դաշտում ու պատրաստ է եղել Ռուսաստանի շահերի համար ստեղծել «վտանգավոր հետևանք»․․․
Հարց չի ծագում, որ Մեղրու տարբերակի գաղափարի հետևում ոչ միայն Հեյդար Արլիևին բանակցություններում օգնող Անկարան էր, ինչը բացահայտում են գաղտնի զեկուցագրերը, այլ հենց Կրեմլը, ու դրա պատճառով էլ ամերիկյան կողմը զարմացել է «համարձակ քննարկումներից»․․․․ Այդ դեպքում ինչ էր ուզում ստանալ Մոսկվան կամ ինչու էր Մոսկվան որոշել թույլ տալ, որ Հեյդար Ալիևին/ Բաքվին օգնող Անկարան դեռ 1999թ․ «բան զիջվեր» Հայաստանի հաշվին․․․
Չմոռանանք, որ հոկտեմբերի 27-ից շաբաթներ անց՝ նոյեմբերին, Ստամբուլում տեղի էր ունենալու ԵԱՀԿ գագաթաժողովը, որտեղ ընդունվելու էին Վրաստանի տարածքից ռուսական բազաների դուրս բերման որոշումները, իսկ Արցախյան հակամարտության մասով էլ ամրագրվելու էր խնդիրը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության սահմաններում լուծելու դրույթը, որին կողմ քվեարկեց Քոչարյանը ․․․
Միով բանիվ՝ առանցքային է պարզել, թե ինչո՞ւ է Ռուսաստանը իր շահերի բարեկամ Քոչարյանին համոզել քննարկելու ամերիկյան նախաձառնությունը ԽՍՀՄ չեկիստ Հեյդարի հետ․․․
Իսկ դա անհերքելի փաստ է, ու ինչու հոկտեմբերի 27-ը պահանջվեց կանխելու համար զարգացումներն ու տապալելու Մեղրի պլանը՝ այն Քիվեսթյան տարբերակի մոդիֆիկացնելու ճանապարհով․․
Այդ շրջանում ԵԱՀԿ Մինսկի Խմբում ռուս համանախագահողը, որը հետագայում դարձավ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավարը, ինչպես երեկվա գրառման մեջ է հիշեցրել, այնքան էր գոհ այդ շրջանում ռուսական միջնորդություինից, որ բառացիորեն Հայաստանում թավշյա հեղափոխության օրերին հրապարակավ խորհուրդ էր տալիս Իլհամ Ալիևին շարունակել իր «իմասոտւն հոր գիծը» և օրակարգ բերել Մեղրիի միջանցքի հարցը, մանավանդ որ նույն օրերին Ռոբերտ Քոչարյանի թիմից Արմեն Գևորգյանը Էդվարդ Նալբանդյանի հետ մեկնել էր Մոսկվա, որպեսզի ամեն ինչ անեին «իշխանության» ճամպրուկը ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Ռոբերտ Քոչարյանին տալու համար։
Այս հարցազրույցը ես առնվազն մի քանի անգամ տեղադրել եմ իմ պատին թե մինչև 2018թ․ ապրիլին, թե 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո, երբ «հարցը այլ ձևակերպմամբ» բայց մտցվել էր նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, քանի որ Նիկոլ Փաշինայնը հրաժարվել էր ստորագրել «Զանգեզուրյան միջանցք» ձևակերպումով տարբերակը և փոխել էր տվել տեքստը․․․
Այս հարցերը կարևոր են, որովհետև Ազատության ռադիոկայանի պատրաստած նյութից ոմանք այն եզրակացությանն են եկել, թե Քոչարյանը ամերիկյան պլանի քննարկման մեջ է մտել, հետո փոշմանել, որ հնարավոր է, որ Ռուսաստանը դա լավ չընդունի ու փոշմանել է։ Բայց պատկերը բացարձակ այլ է․․․․
Ռուսաստանն ինքն է ակտիվորեն կանգնած եղել այս տարբերակի քննարկման հետևում, ու հոկտեմբերի 27-ից հետո էլ պաշտպանել ու սատարել է պահել մեկի իշխանությունը, ով թվում է թե չպետք է արժանանար Կրեմլի բարձր հովանուն․․․
Առայժմ՝ այսքանը․․․
Իսկ հարցերը չափազանց շատ են․․․»,- գրել է Սաֆարյանն ու լուսանկար հրապարակել:
«Ազատություն» ռադիոկայանը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ՝ Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։