Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում «փոխհրաձգությո՞ւն է». ինչո՞ւ է սկսել նրանց «ջուրը մի առվով չհոսել»

Ղազախստանի Ակտաու քաղաքում դեկտեմբերի 25-ին «Ադրբեջանական ավիաուղիների» օդանավի կործանման հետևանքով ՌԴ-Ադրբեջան հարաբերություններում առաջացած լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում։

Նախ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օդանավի կործանման համար մեղադրեց ռուսական կողմին՝ պահանջելով պաշտոնապես ընդունել մեղքը, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Ըստ ադրբեջանական կառավարության իրազեկ աղբյուրների՝ եթե Ռուսաստանը փորձի փակել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, Բաքուն կդիմի միջազգային իրավական կառույցներին։

Հակառուսական տրամադրություններն այսքանով չավարտվեցին. օրերս Baku TV հեռուստաալիքը Բաքվում գործող «Ռուսական տանը» մեղադրեց մշակութային և հումանիտար աշխատանքի քողի տակ հակաադրբեջանական լրտեսական գործունեություն ծավալելու համար։ Ռեպորտաժում լրագրողը մասնավորապես ասում է. «Ցավոք, սա այլևս «ռուսական տուն» չէ, այլ ռուսական լրտեսության տուն»:

Ի պատասխան այս մեղադրանքների՝ ՌԴ Ռոսսոտրուդնիչեստվոին պատկանող տարբեր երկրներում գործող «Ռուսական տների» ղեկավար Եվգենի Պրիմակովը «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնեց, որ հայց են նախապատրաստում ադրբեջանական լրատվամիջոցի դեմ։

«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին, ասում է՝ այն, ինչ ասվել է «Ռուսական տան» ու նմանատիպ կազմակերպությունների մասով, ճիշտ է. «Այո, դա լրտեսական որջ է, գործակալական ցանցի տարր, ընդ որում՝ ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում և այլ երկրներում, և դա փաստ է, ռուսները դրանք բացում են հենց այդ նպատակով»:

Մեհրաբյանը նկատում է՝ ըստ էության՝ ՌԴ-Ադրբեջան խորը ռազմավարական պայմանավորվածությունների հետ ոչինչ տեղի չի ունեցել, սակայն այստեղ դիրքավորումների հետ կապված խնդիրներ են առաջացել:

«Որովհետև Մոսկվան մշտապես ուզում է լինել թելադրողի դերում, Ադրբեջանն էլ ուզում է «կամավորական» սկզբունքով համագործակցություն, ինքնուրույն, և հենց այստեղ է, որ առաջանում է այս «փոխհրաձգությունը»: Դա նաև պայմանավորված է ինքնաթիռի աղետով, Ալիևը եթե այսպիսի դիրքերից հանդես չգա, կարող է խնդիր ունենալ ներսում, կարող է կասկածներ առաջացնել, որ ինքն այդքան էլ ուժեղ չէ: Ալիևը չի կարող ուժեղ չերևալ, որովհետև դրանով ինքն ուղղակի կսպանի իր իշխանությունը, որովհետև նա ավտորիտար ռեժիմ է, գրեթե տոտալիտար ռեժիմ Ադրբեջանում, ինչպես Պուտինը՝ Ռուսաստանում, և երկուսն էլ ունեն կուտակված շատ հարցեր, որոնք ուզում են լուծած լինել իրար հաշվի»,- կարծում է զրուցակիցը:

Ըստ Մեհրաբյանի՝ այս ամենը պետք է դիտարկել ինքնահաստատման տրամաբանության մեջ. «Մեզանից հասնում է «երկրպագել» երկու թիմերին էլ այս պայքարի մեջ և երկուսին էլ հաջողություններ մաղթել: Ռուսաստանն այս ընթացքում ամենաթույլ վիճակում է և հազիվ թե շատ վնաս կարողանա տալ Ադրբեջանին, իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չպիտի օգտվեր այդ փաստից, ո՞վ չէր օգտվի: Ռուսաստանը չունի ռազմավարական գործընկերներ, ունի միայն «расходный материал». վերջ»:

Նա ևս մեկ անգամ ընդգծում է՝ սա երկու ավտորիտար ռեժիմների ղեկավարների մենամարտ է. ՌԴ-ն շատ դեպքերում առաջնորդվում է տղայական սկզբունքներով, որովհետև այդ ամենը հարվածում է իրենց առաջնորդի հեղինակությանը. «Առաջնորդները հարգանք չեն ունենում, իրենք ունենում են հաշիվ, որը մի օր այսպես է, մի օր՝ այնպես. ռեժիմի ինքնապահպան մղում է: Ամեն դեպքում, այն օբյեկտիվ շահերը, որ իրենք ունեն, համընկնում են, և որոշակի պղպջակներ արձակելուց հետո ամեն ինչ կգնա բնականոն հունով»:

Միաժամանակ Մեհրաբյանը չի բացառում, որ սա նաև թույլ է տալիս Բաքվին առևտրի տեղ պահել իր հետագա անելիքների համար:

Հարցին, թե կարո՞ղ է Ադրբեջանը երես թեքել ՌԴ-ից՝ հաշվի առնելով այն ազդակները, որ նա ուղարկում է Արևմուտքին, Մեհրաբյանը պատասխանում է. «Փաստ չէ, որ Բաքվին կհաջողվի Արևմուտքի հետ հարաբերություններ հաստատել այն ձևով, որ ձևով Ալիևը կցանկանա, որովհետև նրա ռեժիմը բավականին տոքսիկ ռեժիմ է, կարող են լինել հարաբերություններ, բայց ոչ այն ամբողջ ծավալով, որով որ պատկերացնում է Ալիևը: Լեզվակռիվը կշարունակվի և կհարթվի, և ես նաև չեմ բացառում, որ սա կարող է պատրվակ առիթ հանդիսանալ Բաքվի համար՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու տեսանկյունից, բայց դա կլինի միայն այն դեպքում, երբ Բաքուն իր հաշվարկներում համոզված լինի, որ Արևմուտքն իրեն ընդունելու է գոնե այն մինիմալ ֆորմատով, որն իրեն ձեռնտու կլինի»:

Հարցին, թե այդ ճանապարհին Բաքուն կարո՞ղ է գնալ խաղաղության, քանի որ դա Արևմուտքի գլխավոր, եթե չասենք՝ պահանջներից, ապա ցանկություններից մեկն է, Մեհրաբյանը պատասխանում է՝ կարող է. «Գործընթացը կարող է դրականորեն ազդել հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա, և ինչքան ՌԴ-ն հեռու մնա այս տարածաշրջանից, այնքան խաղաղությանը մոտ կլինենք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ