Հեռադիտակով դիտորդներն ավելի լավ են ապահովում ՀՀ անվտանգությունը, քան ՀԱՊԿ-ն իր բոլոր բանակներով. քաղաքագետ

Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում հավանություն են տվել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մասին որոշմանը, որով եվրոպացի դիտորդները կմնան Հայաստանի սահմանամերձ շրջաններում ևս երկու տարի՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը կարծում է, որ Հայաստանի համար Եվրամիության դիտորդական առաքելության երկարացումը նշանակում է, որ այն անվտանգային միջավայրը, որն այսօր կա ՀՀ-ի շուրջ, մեկ աստիճան՝ շատ լուրջ աստիճան բարձրանում է, անվտանգային ռիսկերը՝ նվազում:

«Պարզ է, որ Ադրբեջանի և ՌԴ-ի համար որոշումը շատ նեգատիվ է, որովհետև իրենց համար սա, այսպես ասեմ, ալիևյան հերթական ագրեսիան տոկոսային հարաբերություններով նվազեցնում է: Մեզ համար անվտանգային գործիքներից մեկն է, հիմնարար գործիք չէ, ժամանակավոր է, բայց այս պահին օդի ու ջրի պես անհրաժեշտ որոշում էր»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:

Ըստ Ստեփանյանի՝ դիտորդական առաքելության հասցեին ամենատարբեր մեղադրանքներով լի հայտարարություններ թե՛ Բաքվից, թե՛ Մոսկվայից դեռ շատ են հնչելու, նրանց հռետորաբանությունը չի փոխվելու. «Բայց դա մեզ համար նշանակում է մի բան, եթե մի բանի Բաքուն և Մոսկվան դեմ են, ուրեմն ձեռնտու է Հայաստանին: Երբևիցե Բաքուն կամ Մոսկվան չեն կարող շահագրգռված լինել մի բանի մեջ, որը համապատասխանում է ՀՀ-ի և հայ ժողովրդի ազգային շահերին, սա պետք է ցանկացած հայ գիտակցի: Հետևապես այդ որոշումը ճիշտ էր, և այսպիսի որոշումներ մենք դեռ շատ պիտի կայացնենք, որպեսզի վերջում ստանանք այն անվտանգային միջավայրը, որը կբացառի Հայաստանի վրա Ադրբեջանի հերթական հարձակումը»:

Խոսելով ներքին որոշ շրջանակների կողմից հնչող այն պնդումների մասին, թե ինչ կարող են անել անզեն դիտորդները իրենց գրիչներով՝ Ստեփանյանն ասում է. «Նրանք դա ասում էին երկու տարի առաջ, և մենք տեսանք, որ այդ անզեն, գրչով և հեռադիտակով զինված դիտորդները շատ ավելի լավ են ապահովում ՀՀ անվտանգությունը, քան ամբողջ ՀԱՊԿ-ը՝ իր բոլոր բանակներով, ռազմական մեքենաներով և նույնիսկ միջուկային զենքով՝ ամբողջ արսենալով: Դրանք պարզապես խոսակցություններ են, հասարակությանը մանիպուլացնելու հերթական փորձ, որը սպասարկում է նրանց տերերի օրակարգը և շահերը»:

Անդրադառնալով վերջին շրջանում Բաքվի և Մոսկվայի միջև առկա տարաձայնություններին՝ քաղաքագետն ասում է, որ, չնայած դրան, Հայաստանի մասնատման առումով նրանց շահերը շարունակում են համընկնել:

«Հայաստանը մասնատելու հարցում իրենց կարծիքը համընկնում է. Լավրովն ինչ ասաց Միրզոյանին Մոսկվայում, որ մենք մեր տարածաշրջանային քաղաքականությունում հանդես ենք գալիս հետևյալ կետից՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը պետք է լինի հիմք, և այդ քաղաքականությունը չի փոխվել, և դրան սպասելն էլ միամտություն կլինի: Իսկ Ադրբեջանը բոլորովին էլ դեմ չէ, Ալիևն էլ վերջին հերթական հայտարարության ժամանակ ասաց, որ ՀՀ-ն պարտավորություններ ունի և իրենց պետք է միջանցք տրամադրի. նոյեմբերի 9-ի մասին է խոսքը: Մենք պարտավորություն չունենք, չենք ունեցել և երբևիցե չենք ունենալու մեր երկրի ինքնիշխանությունը այլ երկրի նվիրելու՝ հասցեագրելու տեսանկյունից»,- եզրափակում է զրուցակիցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ