Հայաստանը հաստատակամ է խաղաղության օրակարգի առաջ մղման գործում, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին. վարչապետ

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ և լիարժեք վերագործարկմամբ, որը պետք է տեղի ունենա բոլոր երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունը լիարժեք հարգելու շրջանակում:

Այս մասին Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս համատեքստում ընդգծել եմ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի կոչելու կարևորությունը, որը շատ կոնկրետ ու շոշափելի հեռանկարներ է խոստանում Հայաստանի, Վրաստանի և մեր ընդհանուր տարածաշրջանի մյուս երկրների համար: Կարևորել եմ նաև, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում ապահովվի ներառականություն:

Այդ համատեքստում առանձնացնում ենք Հայաստանի հետաքրքրությունն ու պատրաստակամությունը «Սև ծովի էլեկտրական մալուխի» նախագծին միանալու վերաբերյալ»,- ասաց վարչապետը:

Երկու երկրների ղեկավարները չեն շրջանցել նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները:

«Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ ու լուծումներ և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին: Վերահաստատում եմ, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը Վրաստանի իր գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումները՝ տեղեկացնելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը սկսել Հայաստան-Վրաստան-Ադրբեջան միջպետական սահմանների հատման կետի անմիջական հարևանությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ