ՀՀ-ն ու Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. վարչապետ

Նախորդ տարի մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններին: Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար ու աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը

Այս մասին Երևանում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր հանձնաժողովն այսօր հանգամանորեն քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսության, տրանսպորտի, կապի և հաղորդակցության, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի, առողջապահության, մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընթացիկ ծրագրերն ու փոխգործակցության նոր հեռանկարները:

Պետք է արձանագրել, որ մեր եղբայրական երկրների համագործակցային ու ջերմ վերաբեմունքը խարսխվել է շատ կոնկրետ ու ամուր իրողությունների վրա. Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար և աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Մեր երկրները ռազմավարական գործընկերներին հարիր հարգանքով և հոգատարությամբ են վերաբերվում տարբեր հարցերում առկա դիրքորոշումներին ու առաջնահերթություներին՝ ձգտելով ոչ միայն չվնասել, այլև առավելագույն աջակցություն ցուցաբերել միմյանց շահերի առաջմղմանը:

Պակաս կարևոր չէ նաև, որ մեր երկրների հասարակությունները կիսում են արժեհամակարգային, մշակութային, նույնիսկ կենղացաղին մի շարք ավանդույթներ, որոնք անխախտ են դարձնում մեր երկրների բարեկամությունը»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ