Համընդհանուր հայտարարագրմամբ 70 միլիարդ դրամ վերադարձնում ենք աշխատող քաղաքացիներին. Նիկոլ Փաշինյան

«Ուզում եմ խոսել համընդհանուր հայտարարագրման սոցիալական կրեդիտների թեմայի մասին և արձանագրել, որ այդ համակարգով մենք այս տարի արդեն հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի շուրջ 70 միլիարդ դրամ ՀՀ-ի պայմանագրային աշխատող հանդիսացող քաղաքացիները հետ ստանան: Շատ կարևոր է, որ մենք առաջիկայում մեր կարգերը լրամշակենք, որպեսզի այդ գումարներն իրացնելու հնարավորություն ստեղծվի»,- Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ներկայացրեց օրինակ. «Մեր մանկապարտեզներում վճարը 3-5 հազար դրամ է, դա նշանակում է, որ սոցիալական կրեդիտը 5000-ի դեպքում մանկապարտեզի վճարն ամբողջությամբ կծածկի: Այսինքն՝ երբ աշխատող քաղաքացին համընդհանուր հայտարարագիր է լրացնում և այդտեղ ներառում է մանկապարտեզի համար տարեկան վճարած 60 հազար դրամը, իր վարած եկամտային հարկից կարող է այդ գումարը հետ ստանալ»:

Խոսելով արվող կարգավորումների մասին՝ վարչապետը նշեց. «Մենք հիմա կարգավորումները լավարկում ենք հետևյալ տրամաբանությամբ, շատ կարևոր է արձանագրենք, որ քաղաքացիները ոչ միայն իրենց երեխաների կրթական և առողջապահական ծառայությունների համար կարող են այս գումարները ստանալ, այլև իրենք իրենց առողջապահական ծախսերը սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանան: Պայմանն այն է, որ այդ ծախսերը լինեն թափանցիկ: Մենք մտածում ենք, որ սոցիալական կրեդիտների համակարգում կներառենք նաև արտադպրոցական ծառայությունները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ