Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Երևանի քաղապապետարանից հայտնում են, որ 2025 թվականի ընթացքում մեկ ուղևորության արժեքը կկազմի 150 դրամ։

«Մեր նպատակը ձեզ ծառայելն է, մեր նպատակը մեր քաղաքը ձեզ համար ավելի մատչելի և բարեկեցիկ դարձնելն է։

Սրան են միտված մեր նախաձեռնած բոլոր բարեփոխումները, հատկապես տրանսպորտային համակարգի բարեփոխումը։ Քանի որ այդ ռեֆորմի հիմքում հենց ձեր՝ երևանցու շահն է, մենք լսում ենք ձեզ: Ես լսում եմ ձեզ, դիտել եմ բազմաթիվ հարցումներ, կարդացել եմ ձեր բազմաթիվ նամակներն ու մեկնաբանությունները։

Մենք միասին արդեն անցել ենք ահռելի ճանապարհ տրանսպորտային համակարգի կայացման գործում։

Երևանից վերացրել ենք հուսահատության գազելները, բոգդանները, պազիկները, ծխացող հյունդայիները։ Նոյեմբերի 1-ից վերացրել ենք վարորդների հետ կանխիկ գործարքների հնարավորությունը, իսկ հունվարի 1-ից առհասարակ վերացրել ենք որևէ կանխիկ գործարք տրանսպորտի ներսում։ Կարող եմ վստահորեն ասել, որ ձեր վճարած գումարները չեն կորչում, չեն փոշիանում, այլ ծառայում են տրանսպորտային համակարգի բարելավմանը։

Հաշվի առնելով ձեր տասնյակ հազարավոր զանգերը, բողոքներն ու առաջարկները՝ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների, ինչպես նաև մեր որոշ ընդդիմադիր ավագանու անդամների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք փետրվարի 1-ից ներդնել նոր ուղևորատոմս, որի արժեքը մեկ ուղևորության համար կկազմի 150 դրամ։ Այս փոփոխությունը գործելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։

Մեր նպատակն է ստեղծել տոմսային համակարգ, որը մի կողմից կլինի հարմարավետ և մատչելի բոլորի համար, իսկ մյուս կողմից հնարավորություն կտա լուծելու կանգառներում երկար սպասելու, ավտոբուսների բեռնվածության, ավտոբուսային պարկի շարունակական թարմացման, նոր կանգառների տեղադրման և այլ խնդիրներ։

Առաջարկվող մեկ ուղևորության համար սահմանված 150 դրամը հնարավոր է ենթարկվի փոփոխության՝ յուրաքանչյուր տարվա համար առավելագույնը 10 դրամով, միմիայն շարունակական բարեփոխումների արդյունքում։

Սրան զուգահեռ, քանի որ մենք ցանկանում ենք, որ դուք փորձարկեք տոմսային համակարգը, տեսնեք դրա հարմարավետությունը և տեղեկացնեք մեզ դրա հետ կապված խնդիրների մասին, նախատեսում ենք հունվար և փետրվար ամիսներին ձեռք բերված անսահմանափակ փաթեթների ժամկետները երկարացնել ևս մեկ ամսով։

Սա նշանակում է, որ եթե դուք գնել եք մեկամսյա փաթեթ հունվար-փետրվար ամիսներին, ապա այն կգործի երկու ամիս։ Եթե գնել եք եռամսյա կամ տարեկան փաթեթ, կստանաք հավելյալ մեկ ամիս։

Անսահմանափակ փաթեթի օգտագործմամբ դուք այլևս ստիպված չեք լինելու սպասել միայն մեկ կոնկրետ ավտոբուսին։ Այս փաթեթը հնարավորություն է տալիս մի քանի տրանսպորտային միջոցներից օգտվելով հեշտությամբ և արագ հասնել ձեր նպատակակետին»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ