Մամիկոն Ասլանյանը դատապարտվեց

Հակակոռուպցիոն դատարանը մեղավոր ճանաչեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։

Ասլանյանը դատապարտվեց 4 տարի 4 ամիս ժամկետով ազատազրկման:

Հաշվակցելով կալանքի տակ անցկացրած ժամկետը՝ նա դատապարտվեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման, ինչպես նաև տուգանքով՝ 500 հազար դրամի չափով և 3 տարի զրկվեց որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից:

Ասլանյանը անազատության մեջ էր 2021 թվականի դեկտեմբերից:

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս եկել իր լիազորությունների շրջանակից և կատարել պաշտոնական կեղծիք:
Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չէր ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

2024-ի հուլիսին 10 մլն դրամ գրավի դիմաց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ էր արձակվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ