ՌԴ-ն շատ բան է ներել և թողել անպատիժ, Ալիևը կորցրել է «վախի զգացողությունը». «Սիլովիկի»

Ռուսական «Սիլովիկի» տելեգրամ-ալիքը կարճ վերլուծություն է հրապարակել Ադրբեջանից ՌԴ-ի հասցեին նախորդ շաբաթ հնչած սպառնալիքների և վիրավորանքների մասին:

«Դիտարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին բացահայտ հարձակումները Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա՝ մենք հանգել ենք մի շարք տհաճ, բայց կարևոր եզրակացությունների։

Նախ, հետխորհրդային հանրապետությունների շատ ղեկավարներ, որոնք առաջացել, գոյատևել և գոյություն ունեն բացառապես Ռուսաստանի և ռուս զինվորի շնորհիվ, դադարել են վախ զգալ։ Հենց վախ, որովհետև մեծ քաղաքականության մեջ վախի պրիզմայով է նախագծվում այլ կարևոր զգացողություններ՝ հարգանք և երախտագիտություն։ Կասկածից վեր է, որ այս երկրների ժողովուրդները ցանկանում են բարեկամ լինել Ռուսաստանի հետ և ցանկանում են մաս կազմել երբեմնի եղբայրական ազգերի մեծ համակարգի։ Խոսքը կոնկրետ այն քաղաքական խավերի մասին է, որոնք հանկարծ հավատացին, որ կարող են իրենց թույլ տալ կոպտել Ռուսաստանին և թքել նրա շահերին»,- գրել է «Սիլովիկի»-ն՝ նշելով, որ այդ ճանապարհով է գնացել, օրինակ, Ալիևը։

Ըստ ալիքի՝ դա տեղի է ունեցել, որովհետև ՌԴ-ն շատ բան է պարզեցրել, շատ ներել և շատ բան թողել անպատիժ։ Հենց այստեղ էլ, ըստ հրապարակման, Ալիևի մոտ առաջացել է անպատժելիության և ամենաթողության համախտանիշը։

«Ադրբեջանը խոցում է ռուսական ուղղաթիռը 2020-ի երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ, մենք ներում ենք, Ադրբեջանը շրջափակում է Ղարաբաղը, որը աջակցում էր Ռուսաստանին և ցանկանում էր իր ճակատագիրը կապել Ռուսաստանի հետ, աչք փակելով՝ Ադրբեջանը ԼՂ-ից վտարում է հավատարիմ և հիմնականում ռուսալեզու հայ բնակչությանը, մենք հանդուրժում ենք, Ադրբեջանը լկտիաբար ձերբակալում է Ռուսաստանի հետ դաշինքի կողմնորոշում ունեցող Ղարաբաղի ղեկավարությանը, այդ թվում՝ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանին, մենք լռում ենք»,- գրել է «Սիլովիկի»-ն:

Հրապարակման մեջ նաև ասվում է, թե Ալիևն անընդհատ փորձարկում է ՌԴ-ին՝ փորձելով հասկանալ, թե որտեղ են կարմիր գծերը, մինչդեռ Ռուսաստանում ապրող և աշխատող Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները «հակված են Ռուսաստանի հետ դաշինքի և բարեկամության», իսկ ՌԴ-ի ներսում գործում է ադրբեջանական 5-րդ շարասյուն։

«Խոսքը նրանց մասին է, ում Բաքուն հմտորեն պարգևատրում է կասպյան խավիարով և առատաձեռնորեն վճարում մեր երկրի ներսում տեղեկատվական և դիվերսիոն գործունեության համար։ Նման ծառայողների թվում կան բազմաթիվ լրագրողներ, պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ։ Մենք գիտենք այս ամենը, բայց ժամանակները փոխվել են. արթնանալու ժամանակն է: Ալիևը պետք է զգա փոփոխությունները, իսկ Ադրբեջանի ներսում մեր դաշնակիցները պետք է տեսնեն մեր աջակցությունը։

Քանի որ Ալիևը կանգ չի առնելու, մենք իրավունք ունենք մեզ վերապահել ոչ թե խնդրել, այլ պահանջել անհապաղ ազատ արձակել մեր դաշնակիցներին»,- գրել է «Սիլովիկի»-ն՝ նկատի ունենալով ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ