«Հայկական ժամանակ»-ը ռազմական փորձագետ, «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպության հիմնադիր Կարեն Հովհաննիսյանի հետ զրուցել է բանակում իրականացվող բարեփոխումների մասին:
— Պարոն Հովհաննիսյան, վերջին տարիներին Կառավարության հնգամյա ծրագրով Հայաստանի զինված ուժերի արդիականացվմանը միտված տարբեր ծրագրեր են իրականացվում: Անշուշտ, ծանոթ եք այդ ծրագրերին: Որո՞նք են, ըստ Ձեզ, առանցքայինները:
— Ամենակարևորը և էականը, որ առանցքային դեր ունի, նոր ստորաբաժանման ստեղծումն է, որը արդի ժամանակակից աշխարհում կարևոր նշանակություն ունի՝ պայմանավորված նորագույն տեխնոլոգիաներով։ Կարևոր է նաև ուսումնական զորամասերում կամ ուսումնական ժամկետային զինծառայողների պրոցեսներ անցնելու գործընթացի մեջ տեղի ունեցող փոփոխությունը, որը միտված է, որ զորամաս մշտական ծառայության գնան որոշակի առումով ռազմական գիտելիքներ ունեցող զինծառայողները, որոնք էլ կկարողանան իրենց գիտելիքները փոխանցել ուսումնական զորամասերում չծառայած ժամկետային զինծառայողներին։ Մյուսը զենք-զինամթերք ձեռք բերելու քաղաքականություն է, և ավանդական գծից շեղվելն ու նոր ռազմավարական գործընկերների փնտրտուքը, որը կարևոր ձեռքբերում է։ Միևնույն ժամանակ, կցանկանայի, որ այդ քաղաքականության մաս կազմեին այն բոլոր գործընկերները, որոնց հետ պայմանավորվում ենք տարատեսակ զենքեր ձեռք բերելու համար, և արծածվեր ՀՀ-ում ռազմաարդյունաբերությունում զարգացման հարցը։ Այսինքն՝ զենք-զինամթերքի արտադրման որոշակի մասն ապահովվեր Հայաստանում։
— Գործող իշխանության ընդդիմախոսները, ի թվիս այլնի, իշխանությանը մեղադրում են բանակի զարգացմանն ուղղված քայլերի հապաղման կամ անարդյունավետության համար։ Որպես ռազմական փորձագետ՝ ինչ եք կարծում. արդյոք պաշտպանական համակարգում արդյունավետ փոփոխությունների հնարավո՞ր է հասնել կարճ ժամանակահատվածում:
— Ես մշտապես ասել եմ, որ չափազանց արագ փոփոխությունը պաշտպանական համակարգում, հատկապես բանակում, հղի է լրջագույն վտանգներով, որովհետև դա մեծ պատ է, որի ամեն մի քարը շարժելը պետք է մտածված լինի, որպեսզի ամբողջ պատին վնաս չհասցվի։ Ասել, որ բանակում կատարվող փոփոխություններն արագ տեղի չեն ունենում, խելամիտ չեմ համարում։ Ցանկացած ոլորտում արագ փոփոխությունը լի է վտանգներով և ձախողումներով։ Միևնույն ժամանակ, պետք է ասեմ, որ ինքս այդ բարեփոխումների արագացման տեմպերից ունեմ որոշակի դժգոհություն, սակայն դժգոհ եմ ոչ թե քաղաքականության մասով, այլ այն, որոնք կապ չունեն քաղաքականության հետ։ Օրինակ՝ բանակում տեղի ունեցող ամրաշինական աշխատանքների վրա կարելի է ավելի մեծ գումար ներդնել։ Միաժամանակ հասկանում եմ այն հանգամանքը, որ Կառավարության միակ բանուգործը բանակին գումար հատկացնելը չէ, այլ անելիքներ էլ կան:
— Հայտնի է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ակտիվ համագործակցում է արևմտյան գործընկերների հետ, ինչպես նաև համագործակցություն կա ամերիկյան լավագույն ռազմական ակադեմիաների հետ։ Որքանո՞վ է սա կարևոր:
— Իսկապես, շատ մեծ կարևորություն ունի արտասահմանյան ռազմական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը, որովհետև ժամանակակից աշխարհում անհնար է պարփակվել ինքդ քո մեջ: Կարևոր քայլ է, որ մեր սպայական-սերժանտական կազմը ուսանում է արտասահմանյան ռազմական հաստատություններում։ Այդ ուսումնական պրոցեսներին մասնակցող կազմը պետք է գիտակցի, որ սա բացառիկ հնարավորություն է։ Իրենք գիտելիքների այն միջնորդներն են, որոնց պետությունը հնարավորություն է տվել, որպեսզի ստանան այն և փոխանցեն ՀՀ զինված ուժերին։ Ուստի նրանցից է կախված այդ ծրագրերի հաջողությունը։
— Պաշտպանության նախարարության մշակած՝ բանակի կերպափոխման, վերափոխման վերաբերյալ հայեցակարգում, օրինակ, ասվում է, որ բանակաշինության նախկին Խորհրդային միության ստանդարտներն արդեն սպառված են, ուստի անհրաժեշտ է արմատապես վերանայել հնացած մոտեցումները: Վերը հիշատակված համագործակցությունները որքանո՞վ կնպաստեն հնացած մոտեցումներից հրաժարվելուն և նորերով առաջ շարժվելուն:
— Վաղուց ժամանակն էր, որ հետխորհրդային մոտեցումներով հայկական բանակը վերափոխվեր։ Նույնիսկ ռուսական բանակը, որը հետխորհրդային կարգուկանոնի բանակի հայրն է, շատ վաղուց է փոխել իր նմանատիպ մոտեցումները։ Մեր հայեցակարգում փոփոխություններ մտցնելու համար պետք է ունենանք ոչ միայն սեփական նախաձեռնությունն ու ցանկությունը, այլ նաև արտաքին աշխարհի աջակցությունը։ Այդ աջակցությունը այժմ կա, մնում է սեփական նախաձեռնությունը։ Այժմ զինված ուժերում կան մարդիկ, որոնք կողմնակից են նորագույն տեխնոլոգիաներին: Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ եվրոպական երկրների փորձը մեր բանակ բերելը կարևոր եմ համարում, սակայն չպետք է դրանք բերել ու փաթաթել մեր բանակի վզին, այլ այդ ամենը ունենալ ու ստեղծել հայկականը։ Ամերիկյանը ստեղված է հենց Ամերիկայի համար, մենք պետք է կարողանանք դա համատեղել հայկականի հետ:
— Այդ թվում՝ սպառազինության արտադրությա՞ն առումով:
— 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ մենք մեծ խնդիր ունենք լոգիստիկ առումով։ Այսինքն՝ եթե իքս պահից զինամթերք չունենանք, այն սպառվի, դրա բերելը խնդիր կլինի՝ կապված փակ ճանապարհների, օդային տարածքի փակ լինելու հետ։ Ուստի կարևոր է, որ բոլոր այն կազմակերպություններն ու երկրները, որոնք պատրաստ են զինամթերք վաճառել, Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում պարտավորություն ունենան որևէ իքս խմբաքանակի արտադրում ՀՀ տարածքում։ Այսօրվա լավ բանակ ունեցող երկրները նման ռազմավարություն ունեն․ համագործակցել են զենք մատակարարող պետության հետ, որպեսզի իրենց երկրում զինամթերքի արտադրություն լինի: Հայաստանը ունի բոլոր նախադրյալները, կարող է ինքնուրույն արտադրել և ապահովել իր ներքին պահանջարկի մի հատվածը։
— ՀՀ պաշտպանության նախարարության հայեցակարգում շեշտվում է արհեստավարժ բանակի անցնելու գործընթացի մասին: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այս մոտեցման առավելությունները։
— Արհեստավարժ բանակում ամենակարևորը կրթությունն է, բանակը մրցունակ դարձնելը։ Բանակ չպետք է գնան այն մարդիկ, որոնք տան համար օրվա հացի խնդիր են լուծում, բանիմաց մարդիկ են պետք: Օրինակ՝ մասնավոր հատվածում տարբեր գործարաններ կամ կազմակերպություններ առաջարկում են շատ բարձր աշխատավարձ՝ մրցունակ դարձնելով իրենց մոտ առկա պաշտոնը, դրանից հետո այդ պաշտոնին ընտրում են լավագույնին, որն իրենց գործը կհաջողի։ Նույն մոտեցումը պետք է բանակում լինի։ Ես տեսնում եմ, որ այժմ փորձ կա բանակում ծառայելը դարձնել մրցունակ, ոչ թե օրվա հացի խնդիրը լուծելու վայր։
— Պարոն Հովհաննիսյան, Ձեր ջանքերով մի քանի տարի է՝ գործում է «Հայոց Հզոր Բանակ» հասարակական կազմակերպությունը։ Ի՞նչ խնդիր է այն լուծում:
— Իրականում մենք փորձում ենք հանրությանը ցույց տալ, որ կարելի է բանակին աջակցել առանց խառնվելու բանակի քաղաքականությանը, ներքին կարգուկանոնին։ Տարածված կարծիք կա, որ հասարակական կազմակերպությունները, ներողություն բառիս համար, իրենց «քիթը խոթում են» բանակի գործերի մեջ․ մեր նպատակներից մեկը այդ կարծրատիպը կոտրելն է, ցույց տալը, որ բանակ-հասարակություն կապը պահելու համար պարտադիր չէ խառնվել բանակի ներքին գործին, այլ աջակցություն տրամադրել սեմինարների տեսքով, տեխնոլոգիական նվիրատվություններով։ Միևնույն ժամանակ, բանակը փորձ է անում հեռու մնալ ՀԿ-ներից, որովհետև ՀԿ-ները, բանակի համար ինչ-որ բան անելով, դա քաղաքականացնում են, և բանակը, այսպես ասած, իր պատյանը քաշում է իր վրա և մերժում բոլոր օգնության առաջարկները։ Մերժում են, որովհետև մտավախություն ունեն, որ դրանք կարող են քաղաքականացվել։ Մեր կարևոր քայլերից է՝ բանակի համար որոշակի գործունեություն ծավալելով՝ բանակի մատից «փուշ հանելը»։