Ինչպես հայտնել ենք, Բաքվի ռազմական դատարանում հունվարի 28-ին շարունակվել է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու «դատավարությունը»:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատարանը մերժել է նրանց խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդությունը։
Նշենք՝ ԼՂ նախկին ղեկավարների փաստաբանների մեծ մասը Բաքվում միջնորդություն են ներկայացրել նրանց խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու մասին։ Նշվում էր, որ նման միջնորդություն չի ներկայացրել Արայիկ Հարությունյանը՝ հայտնելով, որ առողջական վիճակի վերաբերյալ դժգոհություններ չունի։
Նույն դատարանում համաժամանակյա ընթացող ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին անչվող նիստում դատարանը տվել է ևս 10 օր՝ Վարդանյանին ու պաշտպանին շինծու գործի նյութերին ծանոթանալու համար։ Նրա գործը քննվում է ԼՂ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործից առանձնացված։
Նախորդ դատական նիստում Վարդանյանի պաշտպանը միջնորդել էր նրա գործը միացնել մյուս ղեկավարների գործին և քննել միասին, սակայն դատարանը մերժել էր այդ միջնորդությունը։
2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:
Շինծու մեղադրանքներով ռազմական հանցագործությունների համար մեղադրվող հայերի դատավարությունները մեկնարկել են հունվարի 17-ից: