Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք նշում ենք բանակի կազմավորման 33-րդ տարեդարձը՝ հպարտությամբ հիշելով այն ճանապարհը, որը զինված ուժերը հաղթահարել են։ Այս օրը ոչ միայն տոն է, այլև հերթական առիթ՝ արժևորելու բանակի դերը երկրի պաշտպանությունում և անկախ պետականության կայացման գործում։ Հայաստանի զինված ուժերը երկրի անկախության, անվտանգության և խաղաղության երաշխավորն են։

Հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու հայրենասիրության հիմքի վրա։ Այսօր մեր զինվորներն ու սպաները մեծ պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են այդ կարևոր առաքելությունը՝ պաշտպանելով սահմանները և ապահովելով երկրի անվտանգությունը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի պաշտպանել Հայաստանի Հանրապետության անդորրը:

Այսօր երախտագիտությամբ ենք հիշում հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն Հայաստանի անկախության և ազատության: Նրանց սխրանքը մշտապես կմնա մեր սրտերում և կոգեշնչի նոր սերունդներին: Հայաստանի բանակի զարգացումն ու արդիականացումը շարունակում է մնալ պետության գերակա խնդիրներից մեկը:

Մենք հետևողականորեն աշխատում ենք զինված ուժերի մարտունակության բարձրացման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման և ռազմական տեխնիկայի արդիականացման ուղղությամբ:

Սիրելի՛ զինծառայողներ, Ձեր անձնվիրությունն ու արիությունն անգնահատելի են։ Վստահ եմ, որ միասին՝ պետության, հասարակության և զինված ուժերի համախմբված ջանքերով, մենք կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և կերտել խաղաղ ու ապահով ապագա։

Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, միասնություն և նորանոր հաջողություններ մեր երկրի բարգավաճման ճանապարհին:

Փա՛ռք Հայաստանի զինված ուժերին և կեցցե Հայաստանի Հանրապետությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ