Երկու օր է՝ ընդդիմադիր շրջանակները առաջ են մղում օրակարգ, որով փորձ է արվում ներկայացնել, թե Հայաստանի կառավարությունը իբրև թե ժխտում է Հայոց ցեղասպանությունը կամ հերքում դրա փաստը։
Բանն այն, որ ՀՀ վարչապետը հունվարի 24-ին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել էր Հայոց ցեղասպանության հարցին և նկատել․ «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք՝ լավ, ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել, ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»։
Քաղաքագետ Էդգար Առաքելյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նախևառաջ շեշտում է՝ Ցեղասպանությունը պատմականորեն ապացուցված է, իրավական առումով էլ ընդունված փաստ է, այն ճանաչել են աշխարհի տասնյակ երկրներ, և դա որևէ մեկը չի ժխտում կամ չի կարող ժխտել։
Նրա խոսքով՝ վարչապետը պարզապես նկատի է ունեցել, որ Ցեղասպանության հարցը տարբեր երկրներ փորձել են օգտագործել իրենց քաղաքական շահի համար, ինչն արվում է նաև այժմ ՀՀ կառավարության ղեկավարի տվյալ հայտարարության դեպքում․ մարդկանց մանիպուլացնում են, թե «Հայաստանը հերքում է Ցեղասպանությունը», իսկ որոշ ուժեր այդ հայտարարությունն օգտագործում են իրենց քաղաքական շահերի սպասարկման համար։
«Վարչապետի խոսքի ենթատեքստը ավելի շատ դրա մասին էր․ տարբեր գերտերություններ տարբեր ժամանակներում օգտագործել են Հայոց ցեղասպանության թեման կոնկրետ իրենց աշխարհաքաղաքական նպատակների համար։ Նույնն արվում է նաև այսօր․ երբեմն Իսրայել-Թուրքիա հարաբերությունների վատթարացման ֆոնին, օրինակ, իսրայելական որոշ պաշտոնյաններ սկսում են խոսել Հայոց ցեղասպանության մասին և Թուրքիային հիշեցնել այն։ Վարչապետը իր խոսքում դա էր բացատրում, թե ինչպես է Սովետական միության ժամանակահատվածում փակ եղել Ցեղասպանության թեման, հետո քաղաքական շահերից ելնելով՝ խոսվել, հուշահամալիր կառուցվել»,- ասում է նա։
Առաքելյանը մանրամասնում է՝ այն թվականները, որոնց մասին հիշատակում է վարչապետը, հետևյալի մասին են․ 1939-ը խորհրդանշում է լռության շրջան՝ ԽՍՀՄ-Թուրքիա դաշնակցային հարաբերությունների համատեքստում, իսկ 1950-ականները՝ նոր ռազմավարության սկիզբ, երբ Խորհրդային միությունը Թուրքիայի դեմ պայքարի մեջ ընդգրկեց Հայոց ցեղասպանության հարցը՝ քաղաքական նպատակներով:
«ԽՍՀՄ-ն ուներ իր արտաքին քաղաքական շահերը, որևէ երկիր չէր կարող ունենալ իր ներքին քաղաքականությունը, եթե դա չէր թույլատրում Միությունը։ Դրա հետևանքով է, որ մեր պատմական ժամանակաշրջանի իրադարձությունը դարձել է որևէ երկրի աշխարհաքաղաքական կամ արտաքին քաղաքական կուրսը սպասարկող գործիք։ Երբ, օրինակ, դիտարկում ենք Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականությունը, ականատես ենք լինում, թե ինչպես են տարբեր ռուս պաշտոնյաներ եթերներից, գրառումների միջոցով խոսում Ցեղասպանության, Արևմտյան Հայաստանի մասին. սա է ՌԴ քաղաքականությունը՝ օգտագործել նման թեմաները հայերին սիրաշահելու համար՝ ընդդեմ Թուրքիայի հետ ունեցած քաղաքական նպատակների»,- ընդգծում է նա։
Վերջինս հիշեցնում է, թե ինչպես Ռուսաստանը վարվեց, երբ նման մի Ցեղասպանություն էլ փորձ էր արվում իրագործել ԼՂ հայերի դեպքում։
Միաժամանակ զրուցակիցը նկատում է՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացման օրը Խորհրդային միությունը ևս օգտագործել է Ցեղասպանության փաստը. «1967 թվականի նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման օրը։ Ես այդ օրը համարում եմ ՀՀ օկուպացիայի օր։ Այսինքն՝ դրանով ԽՀՍՄ-ը հայ ժողովրդի ոչնչացման օրը համադրել էր օկուպացիայի օրվա հետ և ցույց էր տալիս, որ հայերը Միության հետ փրկվել են և վերածնվել։ ԽՍՀՄ-ում ևս այդ թեման տարածվել էր, և նրանք դա շահարկում էին իրենց արտաքին քաղաքական համատեքստում, իրենց գաղափարախոսության շրջանակներում»։
Ըստ քաղաքագետի՝ Ցեղասպանության վերաբերյալ վարչապետի հայտարարությունները թիրախավորում են այն խմբերը, որոնք տարբեր առիթներով փորձում են քննադատել Հայաստանին ու նրա արած ցանկացած քայլ։ Ըստ նրա՝ ավելի լավ կլիներ, եթե մասնագիտական համույթը մոտեցում ցուցաբերեր՝ պարզաբանելու այդ հարցերը․ ինչո՞ւ տեղի ունեցավ Ցեղասպանությունը, ի՞նչ իրադրության պայմաններում և ի՞նչ շահեր կային այնտեղ, ո՞ր պետությունը ինչպես է շահարկել։
«Այսինքն՝ վարչապետի հարցադրումները ոչ միայն ենթադրում են անցյալի իրադարձությունների վերլուծություն, այլև կոչ են անում ուսումնասիրել Ցեղասպանության դրվագները։ Նորից շեշտում եմ՝ ուսումնասիրելը բոլորովին չի նշանակում ժխտել այն։ Որևէ իշխանություն, որևէ անձ երբեք չի կարող ժխտել Հայոց ցեղասպանությունը։ Պետք են գիտական համույթի ապաքաղաքական հայտարարությունները, ոչ թե մանիպուլյացիաները։ Մեր պատմության ճիշտ ընկալումը մեզ ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնելու տարածաշրջանում»,- համոզված է Առաքելյանը։