Քաղաքական սիրախաղի մասին խոսում է մեկը, որն արդեն ավելի քան 20 տարի դուրս չի գալիս Պուտինի «ծոցից»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին քննադատել է Հայաստանի իշխանություններին։ Բելառուսի գլխավոր կոլխոզնիկն այս անգամ քննադատել է Հայաստանի մերձեցումը Եվրամիության հետ: «Նրանք սիրախաղ են սկսել ԵՄ-ի հետ: Ամենավտանգավոր խաղը: Հանգստացրե՛ք նրան (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին — հեղ.): Նա կկործանի Հայաստանը»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Քաղաքական սիրախաղի մասին խոսում է մեկը, որն արդեն ավելի քան 20 տարի դուրս չի գալիս ՌԴ նախագահ Պուտինի «ծոցից»։ Բելառուս բռնապետը նախագահի աթոռից արդեն պոկ չի գալիս 30 տարի։ Այս ընթացքում նա ոչնչացրել է իր գրեթե բոլոր քաղաքական հակառակորդներին՝ մի մասին արտաքսելով երկրից, մյուսներին բանտարկելով և ֆիզիկապես ոչնչացնելով։ Կիմ Չեն Ընի և Քադաֆիի հիբրիդը սեփական երկիրը դարձրել է Եվրոպական Հյուսիսային Կորեա և սեփական ժողովրդին զրկել գրեթե բոլոր տեսակի իրավունքներից ու ազատություններից։ Լուկաշենկոն, որը ժամանակ առ ժամանակ կատարում է Կրեմլի «ռուպրի» պարտականությունները՝ իր վրա է վերցրել նաև Հայաստանին դասեր տալու առաքելությունը։

Լուկաշենկոն հայտարարել է, որ իբր Պուտինի հետ շատ զարմացել են, երբ ՀՀ ղեկավարությունը 2022թ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Լուկաշենկոն հաստատ ոչ թե մոռացել է, այլ չի ցանկացել հիշել, որ իր քաղաքական կնքահայրը՝ Պուտինը, դեռևս 2020 թվականին է հայտարարել, որ Արցախը և Արցախի հարակից տարածքները եղել են ու կան Ադրբեջանի անբաժան մաս։

Հայաստանը թեպետ մաս չի կազմել Ռուսաստան-Բելառուս այսպես կոչված միութենական պետությանը, սակայն բոլորիս է հայտնի, որ 2000 թվականից սկսած՝ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները Հայաստանը դարձրել էին այդ հիբրիդ միության խորթ զավակը, որին երբ պետք էր լինում օգտագործում և շահագործում էին իրենց շահերի համար։ Իսկ արդեն 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը ռուսական, իսկ ավելի ճիշտ՝ Պուտինի ճնշումների ներքո փակեց Եվրոպայի դուռը և մտավ մաքսային միություն, ԵԱՏՄ։ Լուկաշենկոյի և Պուտինի կամատակատար Սերժ Սարգսյանը այդ ժամանակ հայտարարեց, որ գնում է նման քայլի հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության։ 2013 թվականից հետո Հայատանի ՀԱՊԿ և ԵԱՏՄ այսպես կոչված անվտանգության երաշխավորները սկսեցին մեծ թափով զինել Ադրբեջանին։ Ալիևը մի առիթով բավական դիպուկ էր արտահայտվել՝ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Ադբեջանն ավելի շատ բարեկամներ ունի քան Հայաստանը։

2013 թվականից սկսած Ադրբեջանին հիմնականում սպառազինություն էին մատակարարում Լուկաշենկոն և Պուտինը։ Այդ զենքը կրակեց 2016 թվականին, իսկ ավելի մեծ մասշտաբով այն Հայաստանի և Արցախի դեմ գործածվեց արդեն 2020-ին և 2022-ին։ Այդ ընթացքում ո՛չ Լուկաշենկոն, ո՛չ էլ Պուտինը չաջակցեցին Երևանին, նույնիսկ հայտարարեցին, որ Հայաստանը չունի սահմաններ։ Հայաստանի դեմ ագրեսիան դադարեց բացառապես ԱՄՆ ջանքերով և ԵՄ դիտորդների շնորհիվ։

Ի դեպ, Բելառուսի նախագահը ոչ միայն միշտ աջակցել է Ադրբեջանին՝ Հայաստանի և Արցախի դեմ պատերազմներում, այլև նա այն մարդն է, որը 44 օրյա պատերազմից հետո վազեց Ալիևի մոտ, եղավ Արցախի օկուպացված տարածքներում, այդ թվում նաև Շուշիում և հայտարարեց, որ ԲԵլառուսը պատրաստ է ներդրումներ կատարել այդ տարածքներում։

Բնականաբար «բածկան» լավ ծանոթ է այս իրադարձությունների շղթային, սակայն այսօր նրան հրամայված է քննադատել Հայաստանի իշխանություննրին կեղծելով իրականությունը։ Իրականությունն ու փաստերը կեղծելը՝ Լուկաշնեկո-Պուտին տանդեմի սիրելի զբաղմունք է, նրանց թվում է, որ մարդիկ չեն տեսնում իրականությունը։ Թեպետ մյուս կողմից էլ այս մարդկանց կարելի է հասկանալ, նրանք օրվա և կյանքի մեծ մասն անցկացնում են իզգոյի կարգավիճակում, սեփական բունկերներում փակված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ