Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամների՝ Ադրբեջանին աջակցելը և զենք վաճառելը կործանարար դեր են խաղացել. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լոուկաշեկոյի՝ Հայաստանին ուղղված վերջին հայտարարություններին:

«Պետք է ընդունել, որ 44-օրյա պատերազմի հետևանքներն ուղղակիորեն պայմանավորված էին ռազմական ուժերի անհավասարակշռությամբ, ինչպես նաև այն փաստով, որ Հայաստանն ու Արցախը միայնակ էին տարածաշրջանային և միջազգային մակարդակներում:

Ռազմական գործողությունների դադարեցումը և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը բխում էին արդեն ստեղծված ծանր իրողություններից, երբ դիվանագիտական միջոցները զիջեցին ուժի կիրառմանը։ Արցախն այս պայմաններում հայտնվեց բացառապես Ռուսաստանի պատասխանատվության ներքո, ինչը ժամանակավորապես ապահովեց բնակչության ֆիզիկական անվտանգությունը՝ ստեղծելով շփման գծի և ռուսական խաղաղապահ առաքելության տարածություն։

Պրահայի հայտարարությունը մի իրավիճակի արձանագրում էր, որը փաստացի արդեն ձևավորվել էր պատերազմի և դրա հետևանքների արդյունքում։ Այն չէր ստեղծում նոր իրավական իրավիճակ, այլ ամրագրում էր Հայաստանի՝ արդեն իսկ հնչեցրած հայտարարությունները Արցախի կարգավիճակի վերաբերյալ: Ընդ որում, այդ համատեքստում Հայաստանի որոշումները բխում էին առավել լայն առումով պետականության, երկրի տարածքային ամբողջականության և խաղաղության պահպանման առաջնահերթությունից։

Ռուսաստանի և ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած աջակցությունը և հարձակողական զենքի վաճառքը, հատկապես պատերազմից առաջ և հետո, ակնհայտ կերպով խաղացել են կործանարար դեր Արցախի և Հայաստանի անվտանգության համար։

Այս հարցում պետք է հստակ ընդգծել, որ ռուս-բելառուսական նարատիվների տարածումը, որոնց նպատակն է մեղքը ուղղել բացառապես Հայաստանի վրա, չի արտացոլում իրականությունը։ Այդ նարատիվները նաև կարող են դիտարկվել որպես պատասխանատվությունից խուսափելու և սեփական սխալները կամ բացթողումները կոծկելու փորձ։

Արցախի հայաթափումը, որն իրականացվեց ռուսական խաղաղապահ առաքելության անկարողության կամ անտարբերության պայմաններում, ևս լուրջ խնդիր է, որն անհրաժեշտ է դիտարկել որպես մեծ երկրների շահերի բախման և դրանց բացասական ազդեցության հետևանք։ Այս իմաստով կտրականապես անընդունելի է այս իրողությունը ներկայացնել որպես բացառապես Հայաստանի որոշումների կամ քաղաքականության հետևանք»,- գրել է Բաբաջանյանը:

Բելառուսի նախագահը հայտարարել է, թե իր համար զարմանալի է, որ Հայատանը «նեղացել է» այն բանի համար, որ Ադրբեջանը զենք է գնել Բելառուսից և դա կիրառել Լեռնային Ղարաբաղի պատերազմում:

Նա չի հերքել, որ որպես Հայաստանի հետ նույն ռազմական կառույցում՝ ՀԱՊԿ-ում գտնվող երկիր, Ադրբեջանին զենք է վաճառել՝ ընդգծելով, թե բաց են եղել նաև Հայաստանի համար:

«Ով փող է վճարել, նա էլ ապրանք է ստացել»,- ասել է Բելառուսի գործող ղեկավարը:

Բացի այդ, նա դժգոհել է ՀՀ վարչապետի վարած քաղաքականությունից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ