Ձեզ «տղամարդավարի պահեք», այլապես կխզենք հարաբերությունները. Ադրբեջանից ՌԴ-ին բացահայտ սպառնում են

Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Կալիբեր» կայքը երկրի իշխանությունների բերանով՝ որպես ոչ պաշտոնական, բայց իրենց իսկ խոսքով՝ «հավաստի տեղեկատվություն», կիսասպառնալից հոդված է հրապարակել՝ ուղղված Ռուսաստանի Դաշնության իշխանություներին:

Խոսքը դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանված AZAL-ին պատկանող բրազիլական արտադրության Embraer 190 ինքնաթիռի աղետալի դեպքի մասին է: Ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ էր զոհվել:

Ինչպես «Կալիբեր»-ին հայտնի է դարձել «վստահելի աղբյուրներից», «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանման քրեական գործով Ռուսաստանում անցկացվող հետաքննությունը հաստատել է, որ ինքնաթիռը խոցվել է Pantsir S-1 հակաօդային պաշտպանության համակարգով։ Այս համակարգը Ռուսաստան է առաքվել Սիրիայից։ Նաև, ինչպես հայտնել է լրատվամիջոցը, ռուսական հետաքննությունը հաստատել է ադրբեջանական ինքնաթիռի դեմ էլեկտրոնային պատերազմի համակարգերի կիրառումը, ինչի հետևանքով օդանավի կառավարման համակարգը խափանվել է։

«Ռուսաստանում հետաքննությունը պարզել է ոչ միայն քաղաքացիական ինքնաթիռի վրա կրակ բացած անձին, այլև հրաման տվողին։ Ավելին, մեր խմբագրակազմն արդեն գիտի այդ մարդկանց անուններն ու կոչումները, և մենք անպայման կկիսվենք այս տեղեկատվությունը ընթերցողների հետ անհրաժեշտ ժամանակին։

Միևնույն ժամանակ մենք դիմում ենք Կրեմլի պաշտոնյաներին. վստահ եղեք, մեզ արդեն հայտնի են ողբերգության անմիջական պատասխանատու զինվորականների անուններն ու կոչումները։ Իհարկե, դուք կարող եք շարունակել հավատարիմ մնալ ճշմարտությունը թաքցնելու գծին՝ փաստացի դառնալով հանցագործության մեղսակից։ Կամ դուք կարող եք անել պատվաբեր գործ՝ չձգձգել գործընթացը և ընդունել ողբերգության պատասխանատվությունը»,- սպառնալիքներով ասվում է լրատվամիջոցի հրապարակման տեքստում:

Բացի սպառնալիքներից, ադրբեջանական ԶԼՄ-ն նաև վիրավորանքներ է հնչեցրել ՌԴ իշխանությունների հասցեին, տեղացել մեղադրանքներ ու բերել Ադրբեջանի գլխավոր բռնապետի՝ Իլհամ Ալիևի օրինակը որպես օրինակելի, պատվաբեր մարդու: «Կալիբեր»-ը ծաղրելով նշել է, թե Ռուսաստանի Դաշնության իշխանությունների վարքագիծը «անազնիվ է, մանր և ուղղակի ամոթալի»:

«Մենք հասկանում ենք ուրիշներին մեղադրելու, տասնյակ այլընտրանքային տարբերակներ ստեղծելու ձեր ցանկությունը, ինչպես դա եղավ մալայզիական Boeing-ի կամ հարավկորեական ինքնաթիռի դեպքում։ Բայց Ադրբեջանն իրեն երբեք նման կերպ չի պահել Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Անգամ ձեր ռազմական ուղղաթիռի հետ կապված իրավիճակում, որը խոցվել էր ադրբեջանական զինուժի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին (ԼՂ-ում Ադրբեջանի սանձազերծած արյունալի գործողությունների ժամանակ-ԽՄԲ.)։ Հիշենք, որ գիշերը ցածր բարձրության վրա, անջատված տրանսպոնդերներով, նա ուղեկցել է հայկական շարասյուն սահմանի Նախիջևանի հատվածում։ Նախագահ Ալիևն այն ժամանակ կարող էր պնդել, որ դա օրինական ռազմական թիրախ է եղել, և նա միանգամայն ճիշտ կլիներ, բայց նա տղամարդու պես վարվեց, ներողություն խնդրեց, ուղղաթիռի արժեքը վճարվեց և փոխհատուցում տրվեց զոհերի ընտանիքներին»,- հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած կայքը:

Շարունակելով ամոթանք տալու և վիրավորանքներ տեղալու շարքը, «Կալիբեր»-ը նաև գրել է, թե այդպես է եղել Ղարաբաղում սպանված ռուս խաղաղապահների դեպքում ևս:

«Մենք կփարատենք այդ առասպելը, որոնց լուսանկարներն, ի դեպ, համացանցում հայտնվել են ձեր իսկ հատուկ ծառայությունների կողմից։ Ռուսական խաղաղապահ զորախմբին նախապես զգուշացվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ հակաահաբեկչական գործողության օրը, իրենց միակ խնդիրը բազայում մնալն ու քիթը դուրս չհանելն էր։ Եվ զորախմբի ճնշող մեծամասնությունը հաջողությամբ հաղթահարեց այս «դժվար» խնդիրը։

Բացառություն են կազմել մի քանի սպաներ, ովքեր որոշել են լքել բազան՝ անտեսելով նախազգուշացումները և չհամակարգելով իրենց գործողությունները ադրբեջանական կողմի հետ։ Մարտական իրավիճակում ցանկացած չհամակարգված մեքենա ինքնաբերաբար դառնում է թիրախ, և, ցավոք, այդ սպաները հայտնվել են կրակի տակ։ Դրա համար հստակ ասվել էր՝ «վիզդ դուրս մի հանիր»։ Չնայած իրավիճակի ողբերգական բնույթին՝ ադրբեջանական կողմը ստանձնեց կատարվածի պատասխանատվությունը, ներողություն խնդրեց և պատասխանատվության ենթարկեց մեղավորներին»,- նշել է լրատվամիջոցը:

Վերջում արդեն, երկրի իշխանությունների և ռազմական գերատեսչության խոսափող կայքը ոչ իշխանական բերանով անուղղակիորեն հասկացրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների տատաման մասին: Այդ հատվածը ներկայացնում ենք առանց խմբագրման:

«Հիմա հարց՝ ի՞նչ է լինելու հետո ադրբեջանա-ռուսական հարաբերություններում։ Ինչպես մեզ հայտնեցին իրազեկ աղբյուրները, եթե Ռուսաստանը փորձի լռեցնել գործը և չհրապարակի հետաքննության արդյունքները, Ադրբեջանը կդիմի միջազգային իրավական մարմիններին։ Ավելին, ադրբեջանա-ռուսական հարաբերություններում բեկումնային կետ կդառնա պատասխանատվությունն ընդունելուց հրաժարվելը դրանից բխող բոլոր հետևանքներով։

Ռուսաստանին այսպես թե այնպես մի քանի բարեկամ պետություններ են մնացել, և շուտով նա կարող է կորցնել ևս մեկը՝ Ադրբեջանը։ Ավելին, Ռուսաստանի առանց այն էլ ցածր իմիջը Ադրբեջանի բնակչության շրջանում զգալիորեն վատթարացել է վերջին իրադարձությունների լույսի ներքո»,- գրել է կայքը:

Ի դեպ, ավելորդ չէ մեկ անգամ էլ նշել, որ Ադրբեջանում համատարած խիստ գրաքննության ֆոնին, երբ իշխանական մաղով են անցնում լրատվամիջոցների բոլոր հրապարակումները, նման բովանդակությամբ հոդվածի հրապարակումը անհնար կլիներ և կարգելվեր անմիջապես, եթե իշխանությունների անմիջական հրահանգով կամ խմբագրմամբ չլիներ:

Ավելին՝ կբանտարկվեին լրատվամիջոցի խմբագրից մինչև թողարկող, այդ մասին կաղաղակվեր մյուս լրատվամիջոցներով ու կհայտարարվեր ռուս-ադրբեջանական հարաբերություններին վնասելու փորձի մասին, օրինակ, Հիքմեթ Հաջիևի կամ Էլչին Ամիրբեկովի շուրթերով:

Հավելենք՝ ռուսական կողմից առայժմ չեն պատասխանել սպառնալիքներով ու վիրավորանքներով հրապարակմանը:

Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը Ղազախստանի Ակտաու քաղաքում կործանվել էր: Վերջին տվյալներով՝ ինքնաթիռի կործանման հետևանքով 38 մարդ է զոհվել:

Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել էր, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառն «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»:

Սպիտակ տունը հայտարարել էր, որ Բաքու-Գրոզնի ինքնաթիռը կարող է խոցված լինել Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից:

Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ներողություն խնդրել Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի՝ ինքնաթիռի կործանման կապակցությամբ, սակայ չէր նշել այդ կապակցությամբ ՌԴ մեղավորության մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ