ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և մի խումբ անձանց վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում անջատված մասը հունվարի 21-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, մակագրվել սույն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Խոսքը խոշոր չափերով գույք հափշտակելու և վատնում կատարելու գործով ավելի վաղ Հակակոռուպցիոն դատարան ուղարկված մայր գործից (Գործ N: ՀԿԴ/0072/01/23) անջատված գործի մասին է։ Մայր գործով 13 մեղադրյալներն էին՝ Սեյրան Օհանյան, Ավետիկ Մուրադյան, Դավիթ Գալստյան, Արտիկ Թովմասյան, Գրիգորի Խաչատուրով, Էդգար Արշակյան, Հակոբ Մարտիրոսյան, Աշոտ Մուսայան, Նորայր Կարապետյան, Արմեն Գևորգյան, Ստեփան Գալստյան, Վահրամ Հովհաննիսյան, Մանուկ Վարդանյան։ Անջատված մասով մեղադրյալներն են Սեյրան Օհանյանը, Մանուկ Վարդանյանը («Սիրմեդ բժշկական կենտրոն» ՍՊԸ, տնօրենի խորհրդական), Հակոբ Մարտիրոսյանը («Թինգ Թանկ Արմենիա վերլուծական կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն, նախագահ), Արմեն Գևորգյանը (ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության պետական ռեզերվների գրասենյակ, ղեկավարի տեղակալ), Նորայր Կարապետյանը (ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության գույքի կառավարման վարչության անշարժ գույքի կառավարման բաժին, գլխավոր մասնագետ), Գրիգորի Խաչատուրովը (չի աշխատում), Էդգար Արշակյանը («Քոքնայս» ՍՊԸ, հաճախորդների հետ աշխատանքի մենեջեր)։
Հիշեցնենք, որ 2023 թ. փետրվարի 8-ին Ազգային ժողովը Օհանյանին զրկել էր պատգամավորական անձեռնմխելիությունից։ Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին երեք միջնորդություն էր ներկայացրել։
Միջնորդություններից առաջինը վերաբերում է զորամասի գույքի վաճառքին, երկրորդ միջնորդությունը գաղտնի բնույթ է կրում, իսկ երրորդում
քրեական գործի առարկա է հանդիսացել պետական գույքի օտարումը։
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազը ԱԺ-ում միջնորդագրի ներկայացման ժամանակ մասնավորապես հայտարարել էր, որ Օհանյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելիս որոշ չարաշահումներ է կատարել։ «Նախ «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս էյ էմ» ընկերության հետ կնքվել է պետության համար ոչ շահեկան, իսկ հանցավոր խմբի անդամների համար քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում ակնհայտ առավելություն ընձեռող դրույթներով պայմանագիր։ Հանցավոր խմբի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել՝ գրավադրելու պայմանագրի առարկա հանդիսացող գույքերը և հափշտակելու գրավադրման արդյունքում ստացված գումարի զգալի մասը՝ 1,87 մլրդ դրամի չափով»,- հայտնել էր Վարդապետյանը։ Ապա հավելել էր, որ «Երևան քաղաքի դատարանի 2015-ի փետրվարի 18-ի վճռով՝ ՊՆ-ն որպես գրավով չապահովված պարտատեր 8,581 մլրդ դրամով գրանցվել է պարտատերերի ընդամենը չորրորդ տեղում՝ այդ կերպ զրկվելով ընկերությանն օտարված պետական գույքերի դիմաց վճարում ստանալու կամ օտարված գույքերն օրենքի ուժով վերադարձնելու հնարավորությունից»։
Գլխավոր դատախազի խոսքով՝ բացի վերոգրյալից, բանկում գրավադրված՝ Երևան քաղաքի Շենգավիթ, Բագրատունյաց 81 հասցեի անշարժ գույքի օտարման վերջին խոչընդոտը չեզոքացնելու, պետության գույքային ֆոնդից վերջնականապես դուրս բերելու և Վահե-Վասկեն Յաքուբյանի սեփականությանը հանձնելու նպատակով Սեյրան Օհանյանը 2015-ի դեկտեմբերի 11-ին լիազորված անձի՝ Պավել Շադյանի միջոցով տվել է իր համաձայնությունը՝ նշված անշարժ գույքը փաստացի Վահե-Վասկեն Յաքուբյանին պատկանող, 2015 թվականի հունիսի 26-ին Էդուարդ Մելիքյանի կողմից հիմնադրված «Պրոջեքթ Ի» ՍՊԸ-ին 2,1 մլրդ ՀՀ դրամին համարժեք՝ 4,5 մլն ԱՄՆ դոլար գումարի դիմաց ուղղակի վաճառքի միջոցով օտարելու վերաբերյալ։
Արդյունքում, ըստ դատախազության, այս անշարժ գույքն անցել է Յաքուբյանին, իսկ երկու այլ անշարժ գույքեր, որոնք եղել են «Նայթս Բրիջ Քոմունիքեյշնս էյ էմ» կապիտալում, այլ անձանց։
Այս ամենի արդյունքում, Վարդապետյանի խոսքով, «Վահե-Վասկեն Յաքուբյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պետության՝ 5,8 մլրդ դրամ արժողությամբ անշարժ գույքի դիմաց վճարել են 5,1 մլրդ դրամ պակաս գումար, այսինքն՝ շուկայական արժեքի ընդամենը շուրջ 12 տոկոսը»։
Ըստ միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը ՊՆ-ի հաշվեկշռում հաշվառված ու ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափի գույքերն ապօրինի, անհատույց և շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով այն։