Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։
Հարցը կընդգրկվի Ազգային ժողովի առաջիկա լիագումար նստաշրջանի օրակարգ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում քաղաքագետ Էդգար Վարդանյանը, անդրադառնալով այս գործընթացներին, ասում է՝ թեև շատ հաճախ ասվում է, որ կան այլընտրանքներ, և Հայաստանը կարող էր գնալ այդ ճանապարհով, սակայն իրականում չկա այդ այլընտրանքը:
Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանի եվրաինտեգրումը նաև նպաստել է, որ Արևմուտքը շատ ավելի մեծ ուշադրություն դարձնի հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, դրա հանգուցալուծմանը և վերջապես կոմունիկացիաների բացմանը:
Քաղաքագետը վերահաստատում է՝ Հայաստանի կողմից դեպի Եվրամիություն՝ Արևմուտք ընտրված կուրսը չի նշանակում պատերազմ հայտարարել Ռուսաստանին, ինչպես պնդում են որոշ շրջանակներ:
Միաժամանակ Վարդանյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Արևմուտքն էլ իր հերթին Հայաստանի հետ հարաբերությունների ջերմացման ֆոնին ընդգծում է, որ սա Ադրբեջանի դեմ չէ և միտված է ամբողջ տարածաշրջանի կայունությանը, խաղաղությանն ու զարգացմանը:
Վարդանյանը համոզված է՝ Արևմուտքը հաշվի է առնում այն հանգամանքը, որ տարածաշրջանում Հայաստանն է, որ ակնհայտ պրոժողովրդավարական ճանապարհն է բռնել և իրենց ամենավստահելի գործընկերն է այդ առումով:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում