«Բրավո». Շարմազանովին դժվար է տեղը բերել. նա մաքրել է դեմքի «գրիմն» ու ՌԴ-ի երեսին շրխկացրել ճշմարտությունը

Թունդ ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը որոշել է հարցազրույցի ժանրում անդրադառնալ Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում ՀՀ-ին ուղղված մեղադրանքին՝ «ֆաշիստական պետություն», սակայն այնպես, որ հա՛մ «նալին խփի», «հա՛մ մեխին», հա՛մ էլ․․․ «սեփական մատին»՝ իր երկրի վարչապետին։

Նա, ինչպես վայել է ուլտրաընդդիմադիր գործչին, նախ առաջին զարկը «բաշխել» է Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեղադրելով Ալիեւի բերանը լեզու դնելու համար, ապա անցել է «նալ եւ մեխ» զույգին՝ ՌԴ-ին եւ Ադրբեջանին։ Անկեղծ ասած՝ դժվար է ասել, թե այս զույգից ո՞րն է «մեխը», եւ ո՞րը՝ «նալը», սակայն ողջունելի է Շարմազանովի մեջ ուշացումով արթնացած թասիբի զգացումի պոռթկումը։

«Ինչ ա ասում Ալիեւը․ Նիկոլին հանձնարարական ա տալիս՝ դու էդ ֆաշիստների (նախկին իշխանության ներկայացուցչներին — խմբ․) հետ վերջը տուր, թե չէ ես կանեմ։ Բայց վերանանք, էլի, Նիկոլ եւ այլն․ էդ 30 տարվա պետությունը ՄԱԿ-ի անդամ երկիր ա, էդ 30 տարվա պետությունը ՌԴ-ի դաշնակիցն ա՝ ռազմական, քաղաքական, բոլոր առումներով։ Հիմա ես հարց եմ տալիս՝ քանի՞ պետական այց ա եղել Մոսկվա ՀՀ նախկին նախագաների, քանի՞ անգամ՝ Պուտինի, Ելցինի (Հայաստան — խմբ․), միջկառավարական, միջխորհրդարանական այցեր, իրար բարձրագույն պարգեւներ հանձնել․․․․ Այսինքն՝ ՌԴ-ն ֆաշիստական երկրում ունի ռազմաբազա՞, հա՞։ Սա էն խնդիրն ա, որ Ռուսաստանից ծպտուն չեն հանում, իմ համար սա ա զարմանալին։ Եվ Ալիեւը լկտիացել ա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի անգործության արդյունքում, այլ նաեւ Մոսկվայի որոշ շրջանակների՝ Ալիեւին շատ մեծարելու արդյունքում։ Սպանին թողին, ՄԳԻՄՕ-ն ա ավարտել, մեր տղեն ա, մեր տղեն ա․․․ Հասկացանք։ Ալիեւը մի օր, ես իրանց էլ եմ ասել, նենց ա թռնելու իրանց վրից, որ հետո գլխներին խփելու են»,- ասել է նա:

«Կակոյ ծիպաժ, բրավո, բրավո»,- կասեր հայտնի ֆիլմի հերոսը։

Իրոք, Շարմազանովին դժվարությամբ է հնարավոր տեղը բերել, հաճելիորեն զարմանալ՝ վերջապես որոշել է մաքրել «դեմքի գրիմն» ու ՌԴ-ի երեսին շրխկացնել ճշմարտությունը։ Բրավո, երիցս բրավո։

Փաստորեն, վերջապես իմացանք, որ Ալիեւը իրենց՝ ռուսների տղան է։ Իրենցն է նաեւ այն առումով, որ Միջազգային հարաբերություների Մոսկվայի պետական ինստիտուտն է ավարտել, որտեղ ընդունվել է, վստահաբար, պետական անվտանգության մարմիններում աշխատած չինովնիկի զավակ լինելու բերումով։ Վերջապես հասկացանք, որ «իրենց տղան» ճիշտ է՝ «ղամմազ» է, «կապրիզնի», բայց դե այսպիսով չի դադարում լինել իրենցը, ուստի այսքան ժամանակ փշի-փշի են արել եւ․․․ «տարել, ներել ու սիրել»։

Լավ կլիներ, իհարկե, որ Շարմազանովը նաեւ բացահայտեր, թե ՌԴ-ի այդ ո՞ր շրջանակներն են՝ Պուտինից ներքե՞ւ, թե՞ Մեդվեդեւից վերեւ (գուցե հենց ինքը), որ ՀՀԿ-ականի աչքն են խոթել Իլխամ Գեյդառիչի «իրենցոնքական» լինելը։ ՀՀ պետական անվտանգության մարմիններին այդ բացահայտմամբ ահագին օգնած կլիներ։

ՀՀԿ-ական գործիչը, նկատենք, այնուհետ դիմել է իր ռուս գործընկերներին ու հարց տվել․ «Ռուսաստանի Դաշնություն, դու 30 տարի ֆաշիստների հետ ես դաշնակցե՞լ։ ․․․Եվ երբ որ Իլհամ Ալիեւը սենց հիմար բաներ ա խոսում, նաեւ ֆաշիզմի մեջ ա մեղադրում ՌԴ-ին։ Սա ֆիքսնեք։ ․․․Ու որպեսզի Իլհամ Ալիեը տենց լկտի չխոսա, պտի ՀՀ-ում չլինի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Էն որ ասում ա՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին, բայց, այո, էդ ա։ Ալիեւի էդ լկտի հայտարարությունների պատճառը ՀՀ-ում թուլակամ իշխանության առկայությունն ա, ուրիշ պատճառ չկա»։

Եթերի գնալուց առաջ, կարծես, մի թաս «կոնծած» ու առյուծ կտրած Շարմազանովին պետք է հիշեցնել, որ «ՌԴ-ի տղա» Ալիեւը առաջին անգամ չէ, որ իրեն նման լկտիություն է թույլ տալիս, ՀՀ-ին «ֆաշիստական» լինելու համար մեղադրում է նույնիսկ միջազգային հարթակներում։ Նա նույնչափ լկտի էր նաեւ այն շրջանում, երբ իր կուրսղեկ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահն էր ու Ալիեւի հետ ԼՂ-ի թեմայով թիվ մեկ բանակցողը։ Հայկական պատվիրակությունների նժդեհական անդամներն էլ Ալիեւին հուժկու հակահարված հասցնելու փոխարեն նախընտրում էին ղամմազի հետ գլուխ չդնել, կամ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը, «տղայությանը տղայությամբ» չպատասխանել։ Նման կեցվածքը արդյոք Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի «թուլակամ» լինելո՞վ էր պայմանավորված։

Մինչ Շարմազանովը կպատասխանի՝ նրա հիշողությունը պետք է թարմացնել՝ Ալիեւի լկտի հայտարարություններից մեկը (2014թ․օգոստոս) մեջբերելով․ «Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ ձեռնարկումներից, ապա հայկական պետության գոյությունն իսկ կարող է հայտնվել հարցականի տակ…»։ Կա ակնկալիք, որ Շարմազանովը հետին թվով բոլորի աչքը խոթի ՀՀ «ոչ թուլակամ» ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի անունից Ալիեւին տրված պատասխանը, թե՝ «ֆաշիստը դու ես, այ․․․»։

Շարմազանովի հիշողության սկավառակը մի 13 տարով էլ կարելի է հետ տալ եւ հիշեցնել Ալիեւի լկտիության մեկ այլ դեպք․ Բաքվում՝ «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի պաշտոնական բացման ժամանակ, ՄԳԻՄՕ-ն ավարտածը բանավոր հակամարտություն էր հրահրել ՀՀ եւ Ադրբեջանի պատվիրակությունների միջեւ՝ Հայաստանին մեղադրելով «Ադրբեջանի տարածքների օկուպացման, էթնիկ մաքրումների, խաղաղ քաղաքացիների սպանությունների եւ ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերը չկատարելու» համար, հայերի գործողություններն էլ որակել որպես «ֆաշիստական»:

Ալիեւի այդ ելույթը հարուցել էր հայկական պատվիրակության դժգոհությունը։ Պատվիրակության ղեկավար, ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր՝ «չի կարող լռել, երբ իր գլխավորած պատվիրակությանն ադրբեջանական կողմն անվանում է «ֆաշիստ»», նաեւ հավելել էր՝ «Բաքուն զբաղված է հակահայկական քարոզչությամբ եւ պատմական փաստերի խեղաթյուրմամբ»: Այս լկտիությունից հետո, ի դեպ, Շարմազանովն ու ՀՀԿ-ն որոշել էին Ալիեւի «պորտը տեղը դնել»՝ «բողոքվելով» ՀՀ-ում գտնվող իռլանդացի լրագրող Դանիել Մաքլասլինին, թե՝ «մի մարդ, որը թշնամի է համարում հայ ժողովրդին, ի՞նչ եք կարծում՝ պատրա՞ստ է այդ մարդը բանակցությունների»։

Մի հիշեցում էլ՝ նույն 2012-ին, երբ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը որոշել էր ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ժամանակ բարձրացնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու՝ ադրբեջանա-հունգարական գործարքի հարցը, պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը մամուլում հայտարարել էր՝ «երբ մենք գնում ենք Բաքու, եւ Ալիեւը Եվրախորհրդարանի պատգամավորների ներկայությամբ ֆաշիստական ելույթ է ունենում, իսկ նրան որեւէ եվրոպացի պատգամավոր չի արձագանքում, Ալիեւի համար կարեւոր մեսիջ է, որ կարող է այս քայլին էլ դիմել՝ թքած ունենալով միջազգային հանրության վրա: Սա արդյունք է այն բանի, որ միջազգային հանրությունը դարձել է Ադրբեջանի խավիարի եւ նավթադոլարի գերին»։

Ով ով, բայց Շարմազանովը լավ գիտի, որ Ալիեւը մի բոլ համախոհներ ունի նաեւ այն երկրում, որն իրեն համարում է «իր տղա»։ Այո, այո, նույն ՌԴ-ում, որտեղ մեկ անգամ չէ, որ «Հայաստան» բառի կողքին հոլովվել է «ֆաշիստ» բառը։ 2017-ին, երբ ՀՀ-ն պատրաստվում էր ստորագրել ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ՌԴ-ն ՀՀ-ի դեմ սանձազերծած հիբրիդային պատերազմի շրջանակներում իր փորձագիտական շրջանակների բերանով «ֆաշիստ» էր անվանել Գարեգին Նժդեհին։ Այ այդ ժամանակ պարոն Շարմազանովը որոշել էր սուս չմնալ ու մի երկու «թթու խոսքով» արձագանքել։ Թե՝ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը «աներկբա է», եւ «Նժդեհին ֆաշիստ ներկայացնողները հաստատ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների թշնամիներն են ու սնվում են Հայաստանից արեւելք ընկած տարբեր նավթադոլարներով»։

2016-ին էլ, հիշեցնենք, ՄԳԻՄՕ-ի մեկ այլ շրջանավարտ՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էր «ֆաշիստ» անվանել Նժդեհին՝ անդրադառնալով վերջինիս արձանի տեղադրմանը։

«Բոլորն են քաջատեղյակ ֆաշիզմի, նեոնացիզմի կամ նացիզմի հերոսացման ցանկացած արտահայտությունների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշման մասին: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է տեղադրվել այդ արձանը. չէ՞ որ բոլորս էլ տեղյակ ենք Հայրենական պատերազմում հայ ժողովիդի հերոսական մասնակցության մասին»,- ասել էր նա:

Շարմազանովն այդ ժամանակ հավաքել էր իր բոլոր ուժերն ու պատասխան տվել Մարիա Վլադիմիրովնյանին․ «Որպես պատմաբան՝ ես ցանկանում եմ ընդգծել, որ Գարեգին Նժդեհը ֆաշիզմի եւ նացիզմի հետ ոչ մի կապ չունի: Նժդեհը պայքարել է հանուն Հայաստանի ազատության: Նժդեհը նացիստ չէ, նա հայրենասեր է, եւ այդ թեմայով շահարկումները տեղին չեն»։

Իսկ արդեն 2018-ի հունվարին հայտնի դարձավ, որ ՌԴ-ում ստորագրահավաք է սկսվել՝ դիմելու ՀՀ իշխանություններին՝ Նժդեհի արձանն ապամոնտաժելու պահանջով։

Շարմազանովը, տեսնես, գլխի ընկա՞վ, թե ով է ում բերանը լեզու դրել ու շարունակում դնել, թե ինչու է ՌԴ-ն լռում, երբ «իր տղա» Ալիեւը լեզուն երկարացնում է ՀՀ-ի հասցեին եւ «ֆաշիստական» պիտակում։

Ի դեպ, մեկ տարի առաջ այս օրերին Շարմազանովն իր մի քանի կուսակիցների հետ մասնակցում էր ՌԴ ԱԽ փոխնախագահ Դ․ Մեդվեդեւի ղեկավարած «Единая Россия»-ի կազմակերպած «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին։ Տեսնես՝ «իրենց տղա» Ալիեւի լեզվի չափերի, Նժդեհի «ֆաշիստ» չլինելու հարցերը ճպպացրե՞լ է Մեդվեդեւի երեսին։ Խիստ կասկածելի է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ