Գեներալ մի ասա, ստերի տոպրակ ասա. «Հայրենափրկիչ Արշակը» ռուսական եթերում շարունակում է կեղծիքի արշավը

Պաշտոնանկությունից հետո «հայրենիքը հյուսիսեն սիրող ու փրկող»՝ ՌԴ-ում ապաստանած Արշակ Կարապետյանը, հիրավի, բոլոր տվյալներն ունի «ֆալշիվշչիկ Արշակ» մականունով կոչվելու համար, քանի որ, ինչպես դեպքերի ընթացքն է ցույց տալիս, ուշքը գնում է իր նախկին վերադասին՝ Նիկոլ Փաշինյանին առնչվող ֆեյք ինֆորմացիաներ տարածելու, ՌԴ-ում գտնվող տարբեր տաղավարներում սեփական երկրի դեմ «գործ տալու» համար։ Հպանցիկ հիշեցնենք, որ պարոն Կարապետյանը պաշտպանության նախարարի իր լիազորությունների կատարման ժամանակ «բռնվել է» վարչապետին սուտ զեկուցելու համար, ինչից հետո էլ հրաժեշտ տվել պաշտոնին։ Պարոն Կարապետյանն, ի դեպ (առայժմ պաշտոնապես չհաստատված տեղեկության համաձայն), 2016-ի Քառօրյա պատերազմի օրերին, լինելով Զինված ուժերի հետախուզության վարչության պետ, թերացել էր, եթե չասենք՝ խարդախել էր իր գործում՝ սպասվող պատերազմի վերաբերյալ հետախուզական տվյալներ ներկայացնելիս, ինչի հետևանքով էլ Սերժ Սարգսյանը նրան պաշտոնանկ արեց։

«Համահայկական ճակատ» անունով հերթական «քաղաքական կլուբը» հիմնած ու Նիկոլ Փաշինյանի հեռացումը փափագող գեներալը, որն ի դեպ, բավական ակտիվ է Ֆեյսբուքում, մեկումեջ ապացուցում է նաև մեդիաանգրագիտությունը՝ տիրաժավորելով ՀՀ իշխանություններին վերաբերող ֆեյք, կեղծ լուսանկարներ։ Օրերս նա մի կեղծ լուսանկար էր տարածել, որում երևում է, թե իբր ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը ստորագրելուց հետո ՀՀ զինանշանով թղթապանակը գլխիվայր է պահել։ «Плохая примета»,-լուսանկարին կից «գուժել» էր գեներալը։ Եվ երբ ԶԼՄ-ները գրեցին, որ նախկին պաշտոնյան կեղծիք տարածելով է զբաղված, վերջինս «ֆայմեց» ու հեռացրեց այդ ամոթալի կեղծիքը։

Նույն Կարապետյանն, ի դեպ, 2024 թ. հոկտեմբերին էլ մեկ այլ կեղծիք էր տարածել. Կազանում տեղի ունեցած «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովից մի լուսանկար էր հրապարակել, որում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ, իբրև թե, դրված էր Ադրբեջանի դրոշի լուսանկարը։ «Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ»,- ազդարարել էր «ֆոտոշոփ» ծրագրի, լուսանկարման «ռակուրս» հասկացության մասին անտեղյակ գեներալը։ Չմոռանանք նաև անցյալ տարի մայիսին ՀՀ-ում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ Կարապետյանի արած կեղծ հայտարարությունն առ այն, թե ՀՀ-ում գտնվող ամերիկյան բիոլաբորատորիաները ավերվել են ու սպառնալիք ստեղծել երկրիս բնակության համար։

Պարզվում է, սակայն, որ կեղծիքների արշավը գեներալ Արշակը շարունակում է ոչ միայն սոցցանցային տիրույթում, այլև ռուսական ռադիոեթերում։ Իհարկե, պատիվ չբերող գործ է գեներալի ուսադիրների տակ իրենց ոչ կոմպետենտ, զազրախոս ու դատարկամիտ լինելը քողարկող սուբյեկտների հայտարարությունները մեկնաբանելը, բայց Կարապետյանի դեպքը ստիպում է խախտել կանոնը։ Սա էլ անում ենք՝ ռուսական լսարանի հանդեպ հումանիզմից դրդված, հուշելու նպատակով, որ ՀՀ-ի անունից հանդես եկող ամեն գեներալի չէ, որ պետք է ունկնդրել, առավել ևս՝ բանի տեղ դնել նրա մտքի արգասիքները։ Եվ ուրեմն, հերթական անգամ հյուրընկալվելով «Զվեզդա»-ի իր սիրելի հաղորդավար Աննա Շաֆրանին և պատասխանելով վերջինիս արձանագրմանը, թե՝ հայ և ռուս ժողովուրդները եղբայրական, բարեկամական ժողովուրդներ են, միասին մասնակցել են հայրենական պատերազմին և այլն, ապաև՝ արձագանքելով «ՀՀ-ի ազգային ինքնիշխանության» շուրջ տեղի ունեցող «վերջին զարգացումների»՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրմանն առնչվող մտահոգություններին, Կարապետյանն իր ունկնդիրներին գցում է թյուրիմացության մեջ՝ կեղծելով մի շարք փաստեր։ Ինչն է զավեշտալի՝ նա նախ նշում է, թե հայ ժողովուրդն էլ է նույնքան ջերմ զգացմունքներ տածում ռուս ժողովրդի հանդեպ, իսկ այ գործող իշխանությունը կապ չունի հայ ժողովրդի հետ, եթե անգամ ունի էլ, ապա դրա մի չնչին մասի հետ։ Հայ ժողովրդի ներկայացուցիչ Արշակ Հանզրիկովիչը որպես ապացույց մատնանշում է 2021-ի ԱԺ ընտրությունները, որոնց, ըստ նրա, մասնակցել է «ընտրելու իրավունք ունեցողների 28 տոկոսը», իշխող ուժն էլ ստացել է «ձայների 51 տոկոսը»։ Այդ 51 տոկոսն էլ մաթեմատիկական ինչ-որ անհայտ բանաձևի հիման վրա հանել-գումարելով Կարապետյանը ստանում է 10-12 տոկոս (մաթեմատիկոսնե՛ր ամբողջ աշխարհի, օգնեք գեներալին սերտել տոկոս հաշվելու բանաձևը)՝ եզրակացնելով՝ «ՀՀ գործող իշխանությունը լեգիտիմ չէ, չի կարող ներկայացնել ժողովրդի ցանկությունը»։

Մի կերպ զսպելով մեր ծիծաղը՝ «Զվեզդա»-ի ունկնդիրների համար պարզաբանենք՝ 2021-ի ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցողների 49,5 տոկոսը, ՀՀ-ում կառավարումը ստանձնած ուժն էլ ստացել է ոչ թե 51, այլ 53.91 տոկոս ձայն։ Շաֆրանի պագոնավոր հյուրին հավանաբար թվացել է, թե «իր գեղից մարդ չկա», որ ստերը բռնի, ու տրվել է ստերի տոպրակը բացելու մոլությանը։

Ինչն է զավեշտալին. Կարապետյանն այս՝ «ոչ լեգիտիմ» իշխանության օրոք է իր կարիերայի բարձրակետին հասել, «ժողովրդի հետ կապ չունեցող» մարդու կողմից է նշանակվել ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ապաև՝ պաշտպանության նախարարի տեղակալ և վերջապես՝ պաշտպանության նախարար։ Կարիերայի նման թռիչքների ժամանակ, փաստորեն, գեներալի մտքով չի անցել, որ ինքը, ախր, ոչ լեգիտիմ իշխանության ձեռքից է ստանում իր պաշտոնները, մեկնում «տուդա-սյուդա», մասնավորապես՝ ՌԴ, ՀՀ-ն ներկայացնում, իր կոլեգա Շոյգուի հետ ասում, խոսում, պայմանավորվում, նվերներով փոխանակվում… Հետևապես հարց գեներալին՝ իր կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները քանի՞ տոկոսանոց լեգիտիմություն ունեն՝ 10-12, թե՞… Առաջարկում ենք «խոդի գցել» մաթեմատիկական բանաձևն ու հաշվել։

 

Իսկ նախքան այդ անդրադառնանք գեներալի հեղինակած մեկ այլ կեղծիքի, որը վերաբերում է ՀՀ հասարակության՝ ՌԴ-ի նկատմամբ ունեցած վերաբերմունքին։ Հղում անելով արևմտյան սոցիոլոգիական կազմակերպության (հաղորդավարը ռեպլիկ է անում՝ «թշնամական») վերջին հարցումների տվյալներին՝ նշում է, թե ՀՀ քաղաքացիների 65-70 տոկոսը հակված է նրան, որ ոչ միայն չպետք է խզվեն ՀՀ-ՌԴ կապերը, այլև պետք է է՛լ ավելի մերձենան ռուս և հայ ժողովուրդները։ Սա այն դեպքն է, երբ չգիտես՝ լա՞ս, թե՞ խնդաս։ Ընտրելով խնդալու տարբերակը՝ ենթադրում ենք, որ արևմտյան սոցհարցում, «ամերիկյան մասնագետներ» ասելով «Արշակ կեղծարարը» նկատի ունի IRI-ի՝ Ամերիկյան Հանրապետական ինստիտուտի՝ 2024-ի հոկտեմբերին հրապարակված ծավալուն հարցումը։ Դրա տվյալները, սակայն, տրամագծորեն հակառակ պատկերն են բացահայտել, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիների մոտ կեսը (41 տոկոս) ոչ թե ՌԴ-ի հետ հարաբերությունների է՛լ ավելի սերտացման կողմնակից է, այլ… տա, տա, տա դամ՝ ՌԴ-ին համարում է ՀՀ անվտանգային ամենամեծ սպառնալիքներից մեկը՝ Թուրքիայի (79 տոկոս) և Ադրբեջանի (87 տոկոս) կողքին։ Նշենք, որ այդ հարցման տվյալներով՝ 33 տոկոսը ՌԴ-ին համարում է քաղաքական գործընկեր և միայն 26 տոկոսը՝ անվտանգային ոլորտի գործընկեր։ Եթե գումարենք 33 և 26 տոկոսանոց «աջակցությունների» այս տվյալները, ապա կստանանք 59 տոկոս։ (Թե որտեղից է Կարապետյանը ստացել իր ասած 65-70 տոկոսը ՀՀ-ՌԴ հարաբերությունների «սերտացման» մասին՝ հայտնի չէ. երևի նույն՝ 2021-ի ԱԺ ընտրությունների արդյունքների հաշվարկի բանաձևից է օգտվել)։

Դառնանք ԱՄՆ-ին. ի տխրություն և ցավ Կարապետյանի՝ ՀՀ քաղաքացիների միայն 4 տոկոսն է, ընդգծենք, ԱՄՆ-ին համարում ՀՀ անվտանգային սպառնալիք, իսկ այ 37 տոկոսը համարում է անվտանգային ոլորտի գործընկեր, 48 տոկոսն էլ՝ քաղաքական գործընկեր (37+48=85):

Մի՝ ռուսական ագիտպրոպին ջղայնացնող տվյալ էլ բերենք՝ ըստ նույն այս հարցման արդյունքների՝ ՀՀ քաղաքացիների 58 տոկոսը կողմ կքվեարկեր ԵՄ անդամակցության հանրաքվեին, եթե այն անցկացվեր առաջիկա կիրակի։

Այժմ գանք Կարապետյանի՝ «Զվեզդա»-ի տաղավար շտապելու դրդապատճառին՝ հայ-ամերկյան փաստաթղթին, որի վերաբերյալ նախկին Պնախարարի մեկնաբանությունները մեկին մեկ կրկնում են Մարիա Զախարովայի «կոնսպեկտները»։ ՀՀ-ում պետական բարձր պաշտոններ զբաղեցրած սուբյեկտը հիշյալ փաստաթուղթն անվանում է «իրավաբանական ոչ մի ուժ չունեցող», «կողմերին ոչ մի բան չպարտադրող» թղթի կտոր՝ «խարտիա»։ Հաջորդիվ, սակայն, գեներալը հայտարարում է, որ այդ՝ «ոչ մի բան»՝ իրավաբանական ուժ չունեցող թղթով ԱՄՆ-ն լիակատար միջամտության հնարավորություն է ստանում ՀՀ-ի բոլոր այն ոլորտներ, որոնք իրեն հետաքրքրում են։ Այստեղ կարող էր լինել խնդացող «սմայլիկ», բայց հարց Կարապետյանին՝ եթե ստորագրված փաստաթուղթը «ոչ մի բան» է, իրավաբանական ոչ մի ուժ չունի, ապա ինչպե՞ս է այդ թղթի կտորով ԱՄՆ-ն «միջամտելու» ՀՀ ներքին կյանքին։ Կոնֆուզը, սակայն, այսպիսով չի սահմանափակվում։ Կարապետյանը, ռադիոալիքի լսարանին դնելով ապուշի տեղ, հայտարարում է, թե ՀՀ ԱԳՆ-ն միտումնավոր թարգմանել է այդ «խարտիան» որպես «կանոնադրություն»։ Մինչդեռ «կանոնադրություն» ասվածն ունենում են միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԿ-ը, ՀԱՊԿ-ը, ՆԱՏՕ-ն և այն։ Այս «կեղծ» թարգմանության նպատակն, ահա, «ՀՀ հասարակությանը ապակողմնորոշելն է, որը անվտանգային առումով շատ ծանր վիճակում է. ցանկացած պահի կարող է սկսվել ինչ ասես, մասնավորապես Ադրբեջան-Թուրքիա տանդեմի կողմից, հատկապես Սիրիայից հետո»։ Փորձելով էլ ավելի նվազեցնել, ըստ իրեն, «ոչ մի իրավաբանական ուժ չունեցող» այդ թղթի կտորի կշիռը՝ Կարապետյանը ծոր է տալիս՝ ինչո՞ւ այն ստորագրվեց Թրամփի երդմնակալությունից երկու օր առաջ, ԱՄՆ-ի կառավարող «հին սաստավի հետ», ակնարկելով, թե՝ պաշտոնին հրաժեշտ տվող Բայդենին ինչ էլ դեմ տային, ստորագրելու էր։ Է, թող սպասեին, Թրամփի հետ ստորագրեին։ «Սա կոչվում է պոպուլիզմ։ Մենք գիտենք «Սպիտակ տան» նոր անձնակազմի վերաբերմունքը հին անձնակազմի հանդեպ, իհարկե, մենք գիտենք, որ իրենք ունեն համակարգվածություն, ինչում մենք քանիցս համոզվել ենք, գլոբալ ուղղություններում նրանք դիրքորոշում չեն փոխում։ Բայց ես գիտեմ, որ Հայաստանը երբեք ԱՄՆ-ի համար չի եղել լուրջ կողմ՝ Հրվ. Կովկասում ՀՀ-ի վրա խոշոր խաղադրույք կատարելու առումով։ ՀՀ-ն ԱՄՆ-ին հետաքրքրում է միայն այն բանի համար, որ այնտեղ կա ՌԴ-ի ռազմական բազան։ Եվ հենց ռուսական 102 բազան, սահմանապահները այնտեղից հանեն, ես կարծում եմ, որ հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ վերջնականապես կկորչի և հավանաբար այլևս գոյություն չի ունենա։ Այդ փաստաթուղթը պոպուլիստական է և միտված է մեկ մարդու աթոռը պահելու համար։ Նա բոլոր ազգային շահերը մի կողմ է նետել և փաստաթուղթը ստորագրել, որ երկարացնի իր կյանքը, գոնե մինչև 2026 թ. ընտրությունները»,-խելքին զոռ է տալիս նախկին նախարարը՝ լեգիտիմ հարց առաջացնելով՝ լավ, այս մարդն այս խելքով, տրամաբանությամբ ու վերլուծական կարողություններով, կարճ ասած՝ այսպիսի կոմպետենտությամբ ինչպե՞ս է կարողացել այդքան տարի պաշտոններ զբաղեցնել ու երկիր ներկայացնել։

Ի դեպ, երբ Կարապետյանին հյուր կանչած հաղորդավարը, հավատարիմ ռուսական պրոպագանդայի ցինիզմին, ազդարարում է՝ «Փաշինյանը հիշեցնում է այն կողմին, որտեղ այժմ ռազմական գործողություններ են իրականացվում՝ Ուկրաինան նկատի ունեմ», Փաշինյանի նախկին ենթական խելոք վրա է վերում՝ «այո, այո»։ Հետո էլ՝ «պատերազմները սկսում են ոչ թե ժողովուրդները, այլ՝ էլիտաները» խոհափիլիսոփայական զեղումից հետո հավելում՝ «եթե դու քեզ համարում ես էլիտա, պետք է հետապնդես քո ազգային շահերը, երազանքները, երբ դու գնում ես քո անձնական շահերի հետևից, ժողովուրդը կարող է դադարել գոյություն ունենալ, հատկապես՝ փոքր ժողովուրդը»։ Կարճ ասած, Արշակ Կարապետյանին տանջող փորացավը մեկն է՝ ՀՀ-ին ու հայ ժողովրդին վերահամոզել՝ «ռուսը չլինի, մեր ազնիվ ցեղը անհետ կկորչի», և շողոքորթել ռուսական ագիտպրոպի և ФСБ-ի 5-րդ ծառայությանն այն հույսով, որ ՀՀ-ում եթե если что, հեղաշրջում անեն, իրեն էլ չմոռանան՝ մի վարչության պետի պաշտոն էլ իրեն բաշխեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ