Հունվարի 22-ի առավոտյան Կ․Պոլսո Բաքըրքյոյ թաղամասում գտնվող Տատյան հայկական մասնավոր վարժարանի վրա զինված հարձակում է գրանցվել։ Դեպքի առնչությամբ 2 կասկածյալ է ձերբակալվել։
Այդ մասին, akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդել են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսը հանձնվել է դատական ատյաններին։
Զինված հարձակման հետևանքով կոտրվել են հայկական վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր նկատվել։ Ձերբակալված կասկածյալներից մեկի տանը կատարված խուզարկման արդյունքում ապօրինի օգտագործման ատրճանակ է հայտնաբերվել։
Մինչ այդ ոստիկանությունն ուսումնասիրելով անվտանգության տեսախցիկի տեսագրությունը՝ պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը կրակ է բացել հայկական վարժարանի ուղղությամբ, իսկ մյուսը՝ դատարկ պարկուճները հավաքել։ Ոստիկանությունը նկատելով, որ կասկածյալները մի կացարանում են պատսպարվել, միջոցներ է ձեռնարկել և գործողություն սկսել նրանց դեմ։ Շ․Ք․ և Յ․Չ․ անվամբ կասկածյալները ձերբակալվել են։
Թեմայի վերաբերյալ Ստամբուլի անվտանգության տնօրինությունից ստացված պարզաբանման համաձայն՝ բացահայտվել է, որ կասկածյալները մինչ այդ զանազան հանցագործությունների հեղինակ են եղել։ Նրանց տանը կատարված խուզարկության արդյունքում ատրճանակ և 14 պարկուճ է գտնվել։
Կասկածյալներից Յ․Չ․-ն հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, իսկ նրա թղթապանակն ուղարկվել է արդարադատության համապատասխան մարմիններին։ Ինչ վերաբերում է մյուս կասկածյալին, ապա Շ․ Ք․-ն հանձնվել է դատական ատյաններին՝ «գույքին վնաս հասցնելու», «ընդհանուր անվտանգությունը դիտումնավոր կերպով վտանգի ենթարկելու» և այլ մեղադրանքներով։