Ինչու գործող իշխանությունը չի բարձրացնում Բաքվում պահվող գերիների հարցը:
Հանրային ՀԸ եթերում պատասխանելով ընդդիմության կողմից շահարկվող այս հարցին, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր միջազգային հարթակներում բոլոր իրավական գործիքներով շարունակում է պաշտպանել գերեվարված իր քաղաքացիների շահերը և ամեն ինչ անելու է օր առաջ նրանց վերադարձը ՀՀ ապահովելու համար:
«էդ բոլոր շահարկումները, որ ձեր քաղաքական օպոնենտներն են, ձեր հակառակորդներն են, դրա համար չեք ուզում ազատ արձակվեն և այլն, սա անմտություն է, կներեք: Ես կրկնում եմ, մենք ամեն բան անում ենք բոլոր հնարավոր հարթակներում՝ ապահովելու մեր հայրենակիցների վերադարձը Հայաստան»,- ասաց Հովհաննիսյանը:
Ինչու ընթացող դատավարությանը չկա պաշտոնական գնահատական՝ դիտարկմանն ի պատասխան, Արթուր Հովհաննիսյանն ասաց՝ կա:
«Կա պաշտոնական գնահատական, պաշտոնատար անձանց կողմից հնչել են հայտարարություններ: Ես ընդդիմությանը խորհուրդ կտամ ուշադիր լինեն: Տվյալ դատավարական ընթացքի վերաբերյալ հայտարարություններ հնչել են և միջազգային հարթակներում էլ շարունակում ենք ամենօրյա ռեժիմով պայքարել մեր հայրենակիցների վերադարձի համար:
Էդ որտե՞ղ չենք բարձրացնում գերիների խնդիրը, ինչպե՞ս թե չենք բարձրացնում: Բարձրացնում ենք և ընդդիմության բոլոր պնդումները մտացածին են, ուղղակի քաղաքական հայտարարություններ են:
Եվ հետո ընդդիմությունը մի հատ թող ինքը բացատրի, թե էդ ոնց եղավ: Սեյրան Օհանյանն ասում է՝ հանձնել եք մեր մարտական ընկերներին: Ես էլի պետք է կրկնեմ, դուք ձեր խմբակցությամբ գնացիք պալատական հեղաշրջում արեցիք, ստեղծեցիք մի իրավիճակ, երբ որ ձեր կողմից նշանակված նախագահը ստորագրեց Արցախի Հանրապետության լուծարման փաստաթուղթը, ինչի արդյունքում ձեր մարտական ընկերները գերեվարվեցին:
Հիմա ո՞վ է հանձնել ձեր մարտական ընկերներին՝ դո՞ւք, թե՞ մենք:
Հետևաբար էս մեղադրանքները տեղին չեն և կարծում եմ, ավելի շատ պաշտպանողական են, որ իրենք իրենց վրայից քցեն էն չարիքը, որը բերել են ԼՂ հայ ժողովրդի գլխին»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը: