4 տարի առաջ սեփական թիմի հետ կապը խզած և անվստահության արժանացած Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ստանձնել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած՝ տրանսպորտի բարեփոխումների իրականացման դեմ բոյկոտելու առաջնորդությունը:
Վերջինս որևէ ջանք չի խնայում հասնելու նրան, որ քաղաքացիները չօգտվեն քաղաքապետարանի սահմանած տրանսպորտային փաթեթներից, ուղևորության համար վճարեն 100 դրամ և այդպիսով տրանսպորտային համակարգը կանգնեցնեն կոլապսի առաջ:
Ու թեև Մարությանը պնդում է, որ հարցը սոցիալական է, և սրանով չի նախապատրաստվում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, այնուամենայնիվ, քաղաքական տարբեր շրջանակներ համոզված են, որ վերջինս այս գործողությունների արդյունքները կապիտալիզացնում է քաղաքական նպատակադրմամբ:
Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ևս «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ այս քայլերը հենց 2026 թվականի ընտրություններին են միտված, և այն քաղաքական ուժերը, որոնք կանգնած են Մարությանի թիկունքում, նրանց պետք չէ քաղաքային իշխանությունը:
Ինչ վերաբերում է բոյկոտի կոչերին, Խաչատրյանը նկատում է՝ ընդամենը լինելու են շոուներ, նկարահանումներ:
«Հանրապետություն» խմբակցության ղեկավարը, սակայն, չի հերքում, որ քաղաքային իշխանությունը ևս բացթողում ունի, այն առումով, որ տրանսպորտային ներդրվող համակարգի մասին հանրությունը բավարար չափով չի իրազեկվել, ինչը թույլ է տվել, որ որոշ ուժեր նման շահարկումներ անեն:
Խաչատրյանը նկատում է, որ ցանկացած ռեֆորմ բացասաբար է ընկալվում՝ մինչև համակարգի ամբողջական ձևավորումը:
Քաղաքային իշխանության մաս կազմող «Հանրապետություն» խմբակցության ղեկավարը շեշտում է՝ թեպետ տարբեր տեսակի խոչընդոտներին՝ շարունակելու են բարեփոխումները հասցնել տրամաբանական ավարտին:
Առավել մանրամասն՝ ռեպորտաժում: