«Հանուն հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը կարծում է, որ Ռուսաստանն ընդունել է նոր իրողությունը և «խաղի կանոնները», ըստ որի՝ Հայաստանը չի ցանկանում որևէ կոնֆրոնտացիա Ռուսաստանի հետ:
«Որովհետև ապրիորի ո՛չ ԵՄ-ի, ո՛չ էլ Միացյալ Նահանգների հետ մեր քայլերը որևէ երրորդ երկրի դեմ ուղղված չեն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետը:
Ըստ նրա՝ Հայաստանի ցանկացած ինքնուրույն քայլ Ռուսաստանը դիտարկում է որպես իր շահերին հակասող, որովհետև, Մեհրաբյանի կարծիքով, Ռուսաստանը Հայաստանին չի համարում լիարժեք պետություն, այլ ժամանակավոր «պատմական թյուրիմացություն», որը վաղ, թե ուշ պետք է վերադառնա իր գիրկը. «Սա է ռուսական ընկալումը, դրա համար ցանկացած քայլ, որն իրենց այս ընկալմանը դեմ է, դիտարկվում է իրենց կոմֆորտ զոնան խաթարող ինչ-որ բան»:
Մյուս կողմից, ըստ զրուցակցի, կան իրողություններ, որի հետ ռուսները չեն կարող այլևս հաշվի չնստել, հետևապես Հայաստանն ու Ռուսաստանն անում են պատշաճության հարթության վրա հարաբերությունները պահելու փորձ, և Հայաստանը ձեռնարկում է որոշ փսիխոթերապևտիկ բնույթի քայլեր, որպեսզի Մոսկվայում վերջին իրողությունները «շատ ծանր չտանեն»:
«Այնուամենայնիվ, դեսինտեգրացիան Ռուսաստանի հետ անխուսափելի է, և այստեղ կարող է լինել երկու տարբերակ. կա՛մ դա կարող է լինել, ինչպես եղավ 1991 թվականին, երբ սովետի դեսինտեգրացիան տեղի ունեցավ, կա՛մ կարող է լինել դեսինտեգրացաիա կոլապսի միջոցով, կամ առանց դրա: Հայաստանը քայլեր է անում ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ, և կարծես թե այս պահի դրությամբ մենք վերահաս կոլապսի առաջ կանգնած չենք, սակայն դա չի նշանակում, որ պետք է որևէ ձևով մեր շահերից բխող հաջորդական և հետևողական քայլերում հապաղենք»,- ասում է նա:
Մեկնաբանելով Լավրովի այն հայտարարությունը, թե կողմերը քննարկել են փոխադարձ հյուպատոսական ներկայության ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության կողմից Սյունիքում՝ Հայաստանի ռազմավարական կարևոր մարզում, հյուպատոսություն բացելու հարցը՝ վերջինս ասում է՝ սա հերթական «հետախուզական որջը» բացելու օրինականացված փորձն է. «Մեզ իրենց հյուպատոսությունն այնտեղ պետք չէ, այնպես, ինչպես իրենց ռազմական ներկայությունը պետք չէ, ընդհանրապես Հայաստանում պետք չէ, Սյունիքում՝ առավել ևս, դա սպառնալիք է, քանի ՌԴ-ն ունի այդպիսի դիրքորոշում մեր բոլոր տարածաշրջանային հարցերի շուրջ»: