ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է իր առաջին զեկույցը, որում մասնավորապես նշված է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չեն գնահատում։
Միևնույն ժամանակ, այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է, որ ընդհանրապես, մտահոգիչ են Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունները: «Բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ ինտենսիվ զորավարժություններ են անցկացվում, տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից, որոնք, ամենայն հավանականությամբ, ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։
Նա նշեց, որ սա փաստացի առաջին անգամ է, երբ ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը հրապարակում է վերլուծական նյութ՝ կապված Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հետ: Անցնող 33-34 տարիների ընթացքում փաստացի ՀՀ-ն չի ունեցել պետականության, ինքնիշխանության համար ամենակարևոր ինստիտուտներից մեկը, այդ գործառույթները կարծես թե բաշխված են եղել այլ կառույցների և երբեմն էլ նաև այլ երկրների։
Քաղաքագետի խոսքով՝ սա ողջունելի է, քանի որ ՀՀ-ի շուրջը տեղի են ունենում իրադարձություններ, կա մեծ ծավալի ինֆորմացիա, այդ ինֆորմացիան պետք է հավաքել, վերլուծել և տալ հստակ գնահատականներ։
«Իսկ ինչ վերաբերում է արդեն բուն նյութերին և հայտարարություններին, ապա իհարկե մենք տեսել ենք, որ Ադրբեջանը 2024 թվականին նույնպես երկու տասնյակից ավելի ռազմական նշանակության թռիչքներ է արել, մասնավորապես Իսրայել և այլ երկրներ, և կարծում եմ, այո՛, այդ դինամիկան այս տարի էլ կշարունակվի։ Իսկապես, եթե մենք հետևում ենք ադրբեջանական ԶՈՒ-ի վերջին ամիսների զարգացումներին, զորավարժությունների, զենք-զինամթերքի տեղափոխմանը, զորավարժությունների բնույթին այն տարածքներում, որտեղ որ տեղի են ունենում դրանք, ինչ խնդիրներ են դրված այդ զորավարժությունների առաջ, մասնավորապես ձմեռային պայմաններում որոշակի զորավարժությունները, բնական է, որ Ադրբեջանը մեծ առումով հենց այնպես չի անում այդ զորավարժությունները, բայց դա չի նշանակում, որ հենց վաղը Ադրբեջանը կարող է հարձակվել, բայց դա չի էլ նշանակում, որ Ադրբեջանը չի կարող չհարձակվել, և դա պայմանավորված է լինելու միջազգային այն կոնյունկտուրայով և հնարավորություններով, որը կարողանում է ունենալ կամ ցանկանում է ունենալ Ադրբեջանն ու Ադրբեջանի նախագահը Հայաստանի դեմ հերթական լայնածավալ ռազմական գործողության համար լեգիտիմ հիմքեր կամ թույլտվություն ստանալու համար»,- ասաց քաղաքագետը։
Մանրամասն՝ տեսանյութում